Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն աննկարագրելի վատ տպավորություն է ստացել համացանցում տարածված տեսանյութից, որտեղ Հանրապետության վաստակավոր արտիստ Արմենչիկը եռագույն շարֆով ինչ-որ զորամասում զինվորներին շարք կանգնեցրած` տոպրակներով օգնություն է բաժանում նրանց:
«Աննակարագրելի վատ տեսարան էր։ Նախ, ես չեմ հասկանում` ինչ իմաստ ունի այդքան նկարելը, ցույց տալը։ Վախենո՞ւմ են, որ հասարակությունը չիմանա։ Էնքան մարդ կա, որ բան է անում և ոչ ոք չգիտի։ Մի կողմից, գուցե, հիմա այն վիճակն է, որ մեր հասարակության մեջ ամեն մեկը պետք է իմանա` ով ինչ է անում. բայց էդ աստիճան տեսանելի, մի քանի հատ իրերը բարձելը, գնալը...Հետո տեսնում ես մի մարդու, որ գլուխը նույնիսկ չի բարձրացնում, որ նայի զինվորների աչքերին»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանն այն կարծիքին է, որ ավելի լավ է Արմենչիկը երգեր զինվորների հետ, ցույց տային` իրեն ոնց են ընդունում, իր հետ նկարվեին, քան այդ տխուր ու ստորացուցիչ տեսարանով տեսանյութը նկարեին ու գցեին համացանց:
Նշենք, որ Tert.am-ը Պաշտպանության նախարարության պաշտոնյաներից ևս փորձեց մեկնաբանություն խնդրել, սակայն այնտեղից նույնպես հայտնեցին, որ շատ տհաճ տեսարան էր և ցանկացան զերծ մնալ մեկնաբանություններից:
«Լավ տպավորություն չունեմ, բայց իմ մեկնաբանությունից ո՞վ է շահելու: Հիմա, մարդն ուզել է օգնություն անել, բայց իր «գեղցի» ձևերով է արել»,-ասաց ՊՆ պաշտոնյան:



