PanARMENIAN.Net - ը գրում է.
1992 թվականի մայիսի 8-9-ին ազատագրվեց Շուշին: Հայկական ստորաբաժանումներն ու կամավորական խմբերը չորս ուղղություններով համաժամանակյա մարտեր վարելով, որոնք տևեցին շուրջ 26 ժամ, մայիսի 9-ի վաղ առավոտյան ամբողջովին ազատագրեցին Շուշի բերդաքաղաքն ու Շուշիի և Ասկերանի շրջանի՝ հակառակորդի կողմից զբաղեցված մի շարք գյուղեր ու կրակակետեր։
PanARMENIAN.Net ը վերականգնում է գործողության մոտավոր ժամանակագրությունը` լրատվական ֆորմատով:
15:57 Հայտնի է դարձել, որ հայկական կողմը գրոհներ է իրականացրել Շուշիի հյուսիսային՝ Ստեփանակերտ-Շուշի ուղղությամբ (հրամանատար՝ Վալերի Չիթչյան), արևելյան ուղղությամբ՝ Շոշ գյուղի կողմից (հրամանատար՝ Արկադի Կարապետյան), հարավային՝ Լաչինի ուղղությամբ (հրամանատար՝ Սամվել Բաբայան) և հյուսիս-արևմտյան՝ Ջանհասան-Քյոսալարի ուղղությամբ (հրամանատար՝ Սեյրան Օհանյան)։
14:42 Հայկական կողմի գիշերային անակնկալ գրոհը խուճապի է մատնել հակառակորդին։ Ըստ հետախուզության տվյալների՝ Շուշիում և նրա պաշտպանական թևերում հակառակորդը կենտրոնացրել էր մոտ 2500 զինվոր ու սպա, որից միայն 1200 մարդ՝ Շուշիում, Զառիսլու գյուղում՝ մոտ 100, Լիսագորում՝ մոտ 300-350, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։ Հայկական ուժերի առջև խնդիր է դրված չեզոքացնել ադրբեջանական կրակակետերը, զրկել հակառակորդին ուժերի համալրման ու վերախմբավորման հնարավորությունից։
13:52 Իրանի մայրաքաղաք Թեհրանում երկրի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի միջնորդությամբ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի բանակցությունները լարված մթնոլորտում են ընթացել: Ադրբեջնական կողմը մեղադրել է Հայաստանին զինադադարի մասին բանակցությունների ընթացքում Շուշին գրոհելու մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, հայտարարում է, թե ղարաբաղյան կողմը գործում է սեփական նախաձեռնությամբ:
12:40 Հայտնի է դարձել, որ գիշերվա ընթացքում ԻՊՈւ ստորաբաժանումները գրոհով տիրել են նաև Քիրս լեռան շրջանում և Լիսագոր և Զառիսլու գյուղերի շուրջ տեղակայված հակառակորդի կարևոր հենակետերին՝ առգրավելով մեծ քանակությամբ սպառազինություն ու զինամթերք (1 ԲՄ-21 կայանք, 1 տանկ և 4 ՀՄՄ) և վերահսկողություն հաստատելով Լաչին-Շուշի մայրուղու և շրջակա իշխող բարձունքների վրա։ Ադրբեջանցիները, մեծաքանակ զոհեր տալով, խուճապահար նահանջել են դեպի Լիսագոր։
11:50 Հայկական ուժերը ականանետային կրակ են բացել նաև Ասկերանի շրջանի Ջանհասան գյուղի ուղղությամբ՝ ճնշելով այդ շրջանում տեղակայված հակառակորդի կրակակետերը և թույլ չտալով դրանց հարվածել Շուշին գրոհող հայկական ուժերին․ այդ ուղղությամբ ևս բարեհաջող գրոհ է զարգանում։
11:09 Ադրբեջանցիները գիշերային մարտերի ընթացքում զոհեր տալով նահանջել են դեպի Շուշիին հարող հենակետեր, հակառակորդը կորցրել է 1 ՀՄՄ և 1 զրահամեքենա։
10:25 Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում հայկական կողմը հրետանային նախապատրաստությունից հետո անցել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայկական բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական կրակակետերի ոչնչացմանը: Լեռնային Ղարաբաղի Ինքնապաշտպանության ուժերը կամավորական ջոկատների հետ միասին (ԻՊՈւ հրամանատար գնդապետ Ա․ Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ) ժամեր շարունակ թեժ մարտեր են մղում՝ հակառակորդի գերազանցող ուժերի դեմ գրոհը միաժամանակ զարգացնելով տարբեր ուղղություններով։ Առավոտվա դրությամբ մարտավարական նշանակության կարևոր բարձունքներ են ազատագրվել Ստեփանակերտ-Շուշի մայրուղու և Շոշ գյուղի ուղղություններով։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը ԲՄ-21 «Գրադ» կայանքից համազարկային հարվածներ են հասցրել նաև Շուշիում տեղակայված ադրբեջանական հենակետերի ուղղությամբ։



