Araratnews.am-ը գրում է.
Մենք սովոր ենք մեր գեներալների մասին միայն վատը գրել, և նրանց «հասնում է»: Գրում ենք, որ այսինչ գեներալը հսկայական պալատներ է սարքել` գռփելով բանակի փողերը, իր տան շինարարության վրա աշխատացնելով հարյուրավոր շարքային զինվորների, գրում ենք, որ այսինչ գեներալը հարյուրավոր տոննաներով «խմում է» բանակի դիզվառելանյութը` յուրաքանչուր զորամասի համար ամսական, ասենք, 15 տոննա դուրս գրելով, բայց 3-ը տալով միայն, գրում ենք, որ նրանցից ոմանք 100000 դոլար են կրվում կազինոներում, ասում են` նույնիսկ դեպքեր են եղել, որ անգամ տանկերի շարժիչների յուղն են վաճառել և այլն…
Բայց գեներալներ էլ կան, որոնք հզոր զինվորականներ են և թե´ 90-ականների պատերազմում, թե´ ապրիլյան օրերին ճակատամարտի ելք են վճռել: Նրանցից է Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, որին Արցախում բոլորը Վիտո են ասում: Ապրիլի 1-ին` քառօրյա պատերազմից ժամեր առաջ, Վիտալի Բալասանյանն այնպիսի մի գործողություն է կատարել, որը հետագայում տապալել է ադրբեջանցիների բլից-կրիգի ապրիլյան օպերացիան:
Ականատեսների վկայությամբ, լայնածավալ գործողությունների մեկնարկի նախորդ օրը` կեսօրից հետո, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերն անընդհատ պտտվել են Մարտակերտի բոլոր դիրքերի ու քաղաքի գլխավերևում: մերոնց հիմնականում չի հաջողվել ոչնչացնել դրանք:
Այդ ժամանակ Մարտակերտում էր Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Տեսնելով այս ամենը` Վիտոն շտապ հանդիպում է այդ տարածքում գործող զիվորական հրամանատարությանը և պահանջում է անմիջապես փոխել անխտիր բոլոր կրակակետերի, հրանոթների դիրքերը: Նա իր այդ քայլը պատճառաբանում է թշնամու անօդաչու թռչող սարքերի առկայությամբ, որոնց միջոցով թշնամին արդեն տեղյակ էր, թե կրակակետերն ու հրանոթները որտեղ են գտնվում: Սկզբում փորձում են չկատարել գեներալի պահանջը` պատճառաբանելով, թե երկրի զինվորական ղեկավարության թույլտվությունն է պետք. ի վերջո, գեներալ Վիտոն իրենց ղեկավարը չէ և ի պաշտոնե հրահանգներ տալու իրավունք չունի:
Սակայն գեներալը պնդում է իր ասածը և անձամբ է գործի անցնում: Բոլոր դեպքերում հրամանատարության հարգանքը գեներալ Բալասանյանի նկատմամբ այնքան մեծ է, որ հրահանգում են արագ փոխել բոլոր կրակակետերի տեղերը:
… Եվ գիշերը մինչև լույս թշնամին ամենատարբեր զինատեսակներով սկսում է հրետակոծել մեր կրակակետերը: Ականատեսների վկայությամբ, ադրբեջանցիները խիստ դիպուկ էին կրակում` Մարտակերտի բոլոր կրակակետերի տարածքները հողին հավասարեցնելով, այնուհետև անցնում են հարձակման: Սակայն թշնամին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ու առավոտյան խուճապի մատնվեց. Ադրբեջանի զինվորական ղեկավարությանը զեկուցվել էր, թե Մարտակերտի ուղղությամբ հայերի բոլոր կրակակետերը ոչնչացված են, և կարող են սկսել հարձակումը: Իսկ երբ հարձակումը սկսվեց, Մարտակերտի բոլոր կրակակետերից մերոնք սկսեցին ռմբակոծել թշնամուն: Թուրքերն այդպես էլ չհասկացան, թե ինչ կատարվեց: Թշնամու բլից-կրիգը հենց սկզբից տապալվեց Մարտակերտի ուղղությամբ:
Արդեն մեկ ամիս է անցել այդ դաժան օրերից: Գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը մինչև հիմա Ստեփանակերտ չի վերադարձել. դեռ Մարտակերտում է…



