Արցախի ճանաչումը միակ ելքն է Հայաստանի ներկա վիճակի վրա խաչ քաշելու և միջազգային պրեսսինգի տակից դուրս գալու համար, այլ ելքեր էս պահին չեմ տեսնում, բացատրեմ թե ինչու:
Անկախությունից ի վեր Հայաստանը կանգնած է իր մայր հողի ազատագրման և նրա պահպանման խնդրի առաջ: Այս տարիներին ՀՀ իշխանություների թեթև ձեռքով խնդրի կարգավորման գործընթացը մեր օգտին չի եղել, Արցախը պահելու թեզի տակ կոռոզիայի են ենթարկել ողջ պետական համակարգը, ովքեր ավելի բարձր են գոռացել Արցախի կենացը, նրանք առավելապես խրված են եղել Հայաստանի արմատները թուլացնելու գործին: Ու էս ամեն ինչի համար մենք վճարել ու վճարում ենք` արդյունքում և՛ կորցնելով Հայաստանի ներկան ու անկախությունը, և վտանգի տակ դնելով Արցախի ճակատագիրը:
Արցախի անկախությունը ոչ միայն չենք ճանաչել տարիներ շարունակ, այլ Արցախի ժողովրդի անկախ լինելու բնական իրավունքից զատ բանակցել ենք նրա որոշ տարածքների հանձնման շուրջ, ավելի շատ կախման մեջ ենք գտնվել Ռուսաստանից ու Վրաստանից` տարբեր հարցերում մոնոպոլ իրավիճակներ նվիրելով այս երկու պետություններին: Եթե Վրաստանի առավելությունը տարածաշրջանային փակուղուց դուրս գալով է պայմանավորված, ապա Ռուսաստանի հարցում խնդիրն առավել խճճված է: Ռուսական ռազմաբազայի առկայությունը հիմնավորվում է Հայաստանի անվտանգության երաշխավորմամբ, որին զուգահեռ, Ռուսաստանին պարտքի դիմաց խլվում են Հայաստանի կարևորագույն ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտները, տնտեսական անկախությունը` ԵԱՏՄ-ին բռնակցելով, որի հիմնավորումը իշխող կուսակցության կողմից բերվել է անվտանգության նոր վիճակ ստեղծելու անհիմն պատճառաբանությունը: Ամենավտանգավոր կախվածությունն այս տարիներին դա ՀՀ քաղաքական դաշտի ավելի քան 90 տոկոսի կախվածությունն է Կրեմլից, որով Կրեմլը կարողացել է ստեղծել մի իրավիճակ, երբ Հայաստանում ապօրինի մի իշխանություն փորձի որոշակի անկախություն ապահովել, միանգամից Կրեմլը աջակցություն կցուցաբերի պրոռուսական այլընտրանք ձևավորելու բևեռով:
Ինչ ունենք այսօր։
Արցախյան ընթացող պատերազմ, մոտ 100 զոհ, ադրբեջանական ջարդված քիթ ու նորից վախի տարածում, որ եթե շարունակենք ինքնուրույնություն ցուցաբերել, կկանգնենք կոտրված տաշտակի առաջ:
Ի՞նչ կտա մեզ Արցախի ճանաչումը
Պատերազմ, բայց ճահճից դուրս գալու հնարավորություն: Միամիտ ենք բոլորս , եթե կարծում ենք, որ Արցախին կա քաղաքական լուծում բանակցությունների միջոցով, միջազգային ցանկացած միջնորդություն չի կարող հանգեցնել Արցախի խնդրի հանգուցալուծման: Այն, որ Հայաստանի կողմից չի զիջվելու ոչ մի թիզ հող, ակնհայտ է: Այն, որ Ադրբեջանը չի համակերպվելու իր «կորուստների» հետ, դա էլ ակնհայտ է, ուրեմն` ինչ լուծում կարող է լինել այս խնդրին: Որսը որսորդինն է, պետք է պատրաստվենք հմուտ որսի, ու այդ որսը Արցախը չի, այլ ազդեցության դիրք ունենալն է: Առնվազն պետք է պատրաստվել Ադրբեջանին զգալի վնաս հասցնելու ուղղությամբ: Այլևս չի բավարարում պաշպանվողական դիրքեր ունենալը, այլևս չի բավականացնում արժանի պատասխանի հայտարարությունները: Ադրբեջանական հաջորդ հարձակմանը ոչ թե պետք է հակադրենք Արցախի անկախությունը ճանաչելով, այլ` խորը հարձակման անցելու ստրատեգիական գործողություններով, Եվլախի ու Նախիջևանի ձեռքբերմամբ, Ադրբեջանին նավթային խոշոր վտանգի ենթարկելով, Մինգեչաուրի ջրամբարը վնասելով:
Ես ռազմական փորձագետ չեմ ու չեմ կարող առավել մանրամասն խոսել էդ մասին, բայց մի բան հստակ եմ հասկանում, իմ մասնակցությամբ պատրաստ եմ առաջ տանել դիրքորոշումս: Հաջողությունը զոհեր է պահանջում, մեր պարագայում` սպասողականությունը զոհեր է պատճառում: Արդյունքում կորցնում ենք և՛ մեր լավագույն տղաներին, և՛ մեր ժամանակն ու զարգացման կարևորագույն հնարավորությունները: Արցախի անկախությունը ճանաչելով ու Ադրբեջանին պատժելով` ձեռք ենք բերում Հայաստանի անկախությունը, որից հետո որոշում կկայացնենք ազգովի, ունենում ենք Ազատ ու անկախ Արցախ և Հայաստան, թե` Ազատ, անկախ ու միացյալ Հայաստան:
Պատերազմին դեմ եմ առհասարակ, խաղաղության ու ազատության մարտիկ եմ ինձ համարում, բայց նաև միամիտ չեմ, խաղաղությունը պետք է պարտադրվի. նոր զոհերի կանխման այլ տարբերակ չունենք:
Հիշեք` վախկոտներին ճակատագիրը չի սիրում:
Նյութի աղբյուր՝ https://goo.gl/C6p1HK
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել