2016-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,9 տոկոս գնանկում: Այս տարվա ապրիլին մարտի համեմատ դարձյալ գնանկում է արձանագրվել՝ 0,3 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
2016-ի ապրիլին 2015-ի ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 2,8 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0,3 տոկոսով: Վերջինս մեծապես պայմանավորվել է լվացող միջոցների՝ 2,2 տոկոս, գեղահարդարման՝ 2,1 տոկոս, անձնապիտո ապրանքների՝ 1,8 տոկոս, ոսկերչական ապրանքների` 0,9 տոկոս, վառելիքի` 0,6 տոկոս, կահույքի, դեղամիջոցների՝ 0,5 տոկոս, գրենական պիտույքների 0,4 տոկոս գնանկմամբ: Խոհանոցային սպասքի, շինանյութերի, տեքստիլեղենի, այգեգործական ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,2-0,1 տոկոսով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0,1 տոկոս, գորգեղենի՝ 0,2 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 1,8 տոկոս, կոշկեղենի 4,3 տոկոս գնաճ, իսկ մշակույթի ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: