Tert.am-ը գրում է.
Ըստ էության, քառօրյա պատերազմից հետո Ղարաբաղի խնդրի լուծման ընթացքում ձևավորվեց բոլորովին այլ մթնոլորտ. այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։ «Եթե մինչև հիմա միջնորդ երկրները կարծում էին, որ չպետք է թույլ տրվի, որ ռազմական բախում տեղի ունենա, որովհետև բոլորի մոտ մտավախություն կար, որ նա ռազմական ճանապարհով կլուծի հարցը, այլևս բոլորը հասկացան, որ չի կարող Ադրբեջանը դա անել և լրիվ այլ իրավիճակ է»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը մինչ այս պարբերաբար ասում էր, որ մեկ օրվա ընթացքում կարող էր լուծել Արցախի հարցը, սակայն բոլորը տեսան, որ չկարողան դա լուծել:

Սամվել Նիկոյանը նշեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ ունի որոշակի դիրքորոշումների կոշտացում:

«Կարևոր է, որ միջնորդ երկրները համարում էին, որ Հայաստանը կամ ԼՂՀ-ն դիմելու է իրենց, խնդրելու, աղաչելու է, եկեք օգնեք, փրկեք, երևի թե, շատերն այդպես էինք մտածում, այդպես չեղավ և ԼՂՀ և ՀՀ սահմանը հայ զինվորն է պահում,այլ ոչ թե խաղաղարար ուժեր և, ըստ էության, մեր բանակը հզոր երկրների և այլ պետությունների խաղաքարտերը խառնել է, և իշխանությունը բանակցությունների վերաբերյալ ունիր դիրքորոշման կոշտացում  »,-ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, թե, ըստ էության, եթե ռազմական գործողություններ են գնում՝ անիմաստ է բանակցությունների մասին խոսել:

«Բազմաթիվ անգամներ առաջարկ է եղել Արցախի անկախությունը ճանաչելու համար: Բայց ամեն ինչ պետք է անել իր ժամանակին: Եթե հիշում եք, ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ասվել է՝ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը: Այդ գաղափարն ամեն հայի սրտին մոտ գաղափար է: Բայց հիմա, իշխանությունները կարծում են, որ այն պահը չէ, որ այդ որոշումը կայացվի»,-ասաց նա և նշեց, որ երեկ Կառավարությունը ձեռնպահ մնաց դրական եզրակացություն տալ նախագծին և հաստատվեց միայն, որ այդ որոշումը կկայացվի այն ժամանակ, երբ անհրաժեշտ պահը գա:

Ըստ Նիկոյանի՝ ՀՀ գործադիր մարմինը երեկվա նիստում հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԱԳՆ-ի եզրակացությանը, որն էլ ենթադրում է, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովում այդ հարցը կքննարկի ու արդյունքում կերևա՝ նախագիծը լիագումար նիստ կմտնի՞, օրակարգում կդրվի՞ , թե՞ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել