ՀՀ պաշտպանության նախարարի առաձին տեղակալի և «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչների հանդիպումըRazm.info-ն գրում է.

Մայիսի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթի» միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաձին տեղակալի և «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչների հանդիպումը

Հանդիպման ընթացում քննարկվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթի» կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցեր:

Հանդիպման ընթացքում «Մայքրոսոֆթի» ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է արագընթաց տեմպերով, միաժամանակ պատրաստակամություն հայտնել խորացնել այն:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանության նախարարությանն էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից:

Նշենք, որ 2015-ի մայիսին ՀՀ կառավարությունը և «Մայքրոսոֆթ» ընկերությունը ստորագրել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր: ՀՀ կառավարության անունից տվյալների անվտանգության ծրագիրն ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

2015-ի սեպտեմբերի 23-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը նույն պայմանագրի շրջանակներում այցելել է ԱՄՆ-ում տեղակայված «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ: Պատվիրակության կազմում ընդգրկված«ԵրՄՄԳՀԻ» տնօրեն Արսեն Թառոյանը «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերանվտանգության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավման նպատակով ՀՀ-ում «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի ստեղծման նախաձեռնության մանրամասները և ընկերության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի համաձայն սեպտեմբերի 28-ից 30-ը «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստվել է ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը:

Ինչ վերաբերում է «Հայ Տեք» կենտրոնին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը և «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն նախաձեռնել էին «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման նախագիծ, որի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Այս մասին հայտնի է դարձել 2015-ի հունիսին, իսկ կենտրոնն իր գործունեությունը սկսելու էր 2015-ի վերջին քառորդից սկսած:

2016-ի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան, որտեղ քննարկվել են մասնավորապես ընկերության տարածքում «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնի գործարկման հարցերը:

Իսկ ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ելնելով իր առջև դրված խնդիրներից՝ «Հայ Տեք» կենտրոնն ունի գործունեության չորս հիմնական ուղղություն.

  • Ուսումնական և որակավորման դեպարտամենտ, որը նույնականացնում և հավաստագրում է նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքները՝ նրանցից լավագույններին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հատուկ աշխատանքների և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակման մեջ ներգրավելու նպատակով:
  • Լուծումների մշակման դեպարտամենտ, որը զբաղվում է ՀՀ պաշտպանական համակարգում հատուկ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացմամբ, տեխնիկական առաջադրանքների մշակմամբ և փորձաքննությամբ:
  • Կիբերանվտանգության դեպարտամենտ, որը հանդես է գալիս որպես հարթակ կիբերանվտանգության խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար:
  • Ինկուբացիոն դեպարտամենտ: Կենտրոնի շրջանակում հիմնվել է ռազմական ինկուբատոր, որտեղ մասնավոր թիմեր և ընկերություններ իրենց գործունեությունն են ծավալում: Նրանք ներգրավվում են պաշտպանական ոլորտի խնդիրների լուծման գործում, ինչպես նաև ձեռք բերված փորձը կիրառում քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար։

Կենտրոնը սերտորեն համագործակցելու է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ դրանց ներգրավելով կենտրոնի կառավարման և խնդիրների իրականացման գործընթացում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել