ԱՎԾ հրապարակած տվյալները հավաստում են այն մասին, որ ՀՀ տնտեսության բացասական հաշվեկշիռը նվազման միտում է ցուցաբերում: Հատկանշական է, որ գումարայինին զուգընթաց, շարունակվում են դրական փոփոխություններն արտահանման կառուցվածքում: Մասնավորապես, ավելացել են պատրաստի արտադրանք թողարկող ճյուղերի արտահանման ծավալները:
ՀՀ արդյունաբերության երկրորդ խոշոր ճյուղը՝ պատրաստի սննդամթերքի արտահանումն ավելացել է 41 տոկոսով կամ շուրջ 22,5 մլն դոլարով: Ավելի մեծ աճ է արձանագրվել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանման ծավալների մեջ՝ 32 մլն դոլարով կամ 77,1 տոկոսով: 17 մլն դոլարով կամ 18,7 տոկոսով աճել է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը: Մանածագործական իրերի (թեթև արդյունաբերության) արտահանումն ավելացել է մոտ 8,5 մլն դոլարով կամ 71,5 տոկոսով:
Հարկ է նշել նաև, որ սարքերի և ապարատների արտահանումն աճել է 3,6 անգամ կամ ավելի քան 5 մլն դոլարով, իսկ բուսական ծագման արտադրանքի արտահանումը ավելացել է 5 մլն դոլարով կամ 54,8 տոկոսով, կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքինը՝ մոտ 3,5 մլն դոլարով կամ 67,7 տոկոսով և այլն: