ԽԱՉԻԿԸ, ՀՐԱՅՐԸ, ՇԱՆԹԸՀրայր Բաղդասարյանը պատմում է, իսկ ես մտածում եմ` ռեժիսոր լինեի, ֆիլմ նկարեի: Էնքան գունեղ է պատմում, ասես՝ կադր առ կադր պատկերում է աչքերիդ առաջ:

-Ամսի մեկի գիշերն սկսվեց: Տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին, 7-8 հոգի: Դասակի հրամանատարը զեկուցեց գումարտակի հրամանատարին: Գումարտակի հրամանատարը կրակելու հրաման տվեց: Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել: Դիվերսանտ հատուկջոկատայինները անակնկալի եկան: Հաստատ մտքներին դրել էին աննկատ մոտենալ դիրքերին ու դիմավորողների չէին սպասում: Չեմ կարող ասել՝ մարտը ինչքան տևեց: Երբ ազերիներն սկսեցինք փախչել, տեսանք, որ 3 դիակ են թողել մարտադաշտում:

…Որոշ ժամանակ հանգիստ էր: Հետո գյուղից կրակոցի ձայներ լսվեցին: Քիչ անց ականանետների կրակը ուղղվեց դեպի մեզ: Բլինդաժի պատը փլվեց, կապը խափանվեց, ու հակառակորդի ուղղաթիռները հայտնվեցին մեր գլխավերևում: Հասկանում էինք, որ պիտի մինչև վերջ դիմադրեինք` հույսը մեր ուժերի վրա դրած: Երբ կրակը մի քանի վայրկյան դադարեց, վազեցինք դեպի գետնափոր թաքստոցը: Առանց վիրավորվելու տեղ հասանք: Բայց երբ դիտարկում արեցինք, տեսանք, որ իսկական կռիվը նոր է սկսվում. մոտ 40 հոգանոց ջոկատը գալիս էր ուղիղ մեզ վրա: Իսկ մենք 9 հոգով էինք: Չեմ կարծում, թե զինվորականներ էին, որովհետև, ինչ ասես չէին հագել, նույնիսկ հայկական բանակի համազգեստ նկատեցինք, մազոտ երեսներով, հնամաշ շորերով տարիքն առած մարդիկ էին, իսկ մենք` 8 զինվոր և մեկ դասակի հրամանատար` սպա: Երբ փորձում էի դուրս գալ խրամատից, երեք հակառակորդ ուղիղ դիմացս հայտնվեցին: Ինձ տեսան, իրենց նետեցին մոտակա խրամաբջիջը: Նման առիթը ո՞վ ձեռքից բաց կթողներ` փոքրիկ խրամաբջիջ ու երեք զինվոր, նռնակը նետեցի, երեքը միասին պայթեցին: Բայց նրանցից մեկը հասցրեց մի «նվեր» էլ ինձ ուղարկել: Նռնակն ընկավ ոտքերիս մոտ, ոտքով հրեցի, ու երբ տրաքեց, միայն ոտքս վնասեց: Չգիտեմ` մարտը ինչքան տևեց: Վերջին ուժերով նռնակ էի նետում: Հետո թևիս ցավը սկսեց ուժեղանալ, հասկացա, որ թևս էլ է վիրավոր: Մոտեցա հրամանատարին, որ ասեմ` վիրավոր եմ, հենց այդ պահին աչքիս առաջ հրամանատարիս խփեցին: Նայեցի շուրջս, մյուսները չկային:

«Տա՛ր ինձ հրամանատարական դիտակետ»,- ասաց հրամանատարս:

Չհասցրի պատասխանել. չէր շնչում: Արդեն կրակոցի ձայները հեռվից էին լսվում: Այլևս չէի կարողանում քայլել: Գլորվելով իջա ձորը: Ու սկսեցի սողալ առաջ: Հրամանատարական դիտակետ չհասած` մի զինվորի ու սպայի հանդիպեցի: Զինվորն ինձ օգնեց, մոտ 3 կմ անցանք միասին: Հետո… աղոտ եմ հիշում` շտապ օգնության մեքենան, բժիշկները…

…Երեք տղամարդ ու մի կին սևեռուն լսում են մեր զրույցը: Կնոջ աչքերը թաց են, չէի նկատել` լալիս է:

-Մա՛մ, դու դուրս արի պալատից,- ասում է տղաներից մեկը:

Ու կինը գնում է:

-Մամաս է …եղբայրներս,- ծանոթացնում է Հրայրը:

Հետո շշուկով ասում` մի քանի օրում մայրս ծերացավ, լրիվ սպիտակեց: Եղբայրներս մի բուռ դարձան:

Ես նայում եմ «մի բուռ դարձած» տղաներին, հետո՝ Հրայրին:

-Ինչ մի բուռ, աժդահա են,- ասում եմ: Հրայրը բարձրաձայն ծիծաղում է:

-5-6 օր անգիտակից եմ եղել: Մերոնք շատ էին վախեցել:

-Վիճակը ծայրահեղ ծանր էր,- պատմում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը: -Ուղեղի այտուցի կասկածով դեղորայքային սեդացիա արեցինք: 5 օր պայքարել ենք նրա կյանքի համար: Հիմա, ինչպես տեսնում եք, շատ լավ է, շուտով կուղարկենք բուժական արձակուրդի:

Հրայրը ասես չի լսում բժշկին:

-Տղաները դիրքերը ետ են վերցրել,- ասում է:

-Գիտեմ:

-Երբ լսում էի Արցախյան պատերազմում կռված ֆիդայիների մասին, հաճախ ինքս ինձ հարց էի տալիս` կկարողանա՞մ կյանքս տալ հայրենի հողի համար… Ես հիմա գիտեմ, թե դա ինչ է: Տանը նստած՝ դու չես հասկանա, որովհետև` չգիտես:

-Ի՞նչ չգիտես…

Հրայրը լռում է` հայացքը մի կետի հառած ու ճիգ է անում բացատրել:

-Երբ դու սահմանին ես, ու թշնամին զենքով մտնում է քո տունը… հողդ պահելու, դիրքդ չհանձնելու համար պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել