Յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ազգի ապագան կախված է նաև նրա նպատակներից: Նպատակներ` ապագայի վերաբերյալ: Այսօր, ցավոք, չունենք պետական, ազգային նպատակներ: Մենք ունենք ազգային երազանքներ, պետական ծրագրեր, բայց ոչ նպատակներ: Իսկ երազանքները պետության համար չեն, դրանք ազգի համար չեն, եթե չեն դառնում նպատակներ: Ծրագրերն էլ լոկ ներկայի խնդիրների լուծմանն են ուղղված, որոնք փոխվում են ամեն տարի:
Մեր պետության, հասարակության համար առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք կբավականացնեն մի քանի սերունդների` Արցախի հիմնախնդիր, բարեկեցության ապահովում, իրավական պետության կառուցում, արդարության հասատում, արտագաղթի կասեցում և այլն, և այլն: Սակայն սրանք հիմնականում խնդիրներ են, որոնք աներկբա պետք է լուծվեն: Սակայն մեզ պետք է նպատակ, մեկ միասնական նպատակ, նպատակ պետության համար, նպատակ յուրաքանչյուր հայի համար, նպատակ ամեն օրվա համար, նպատակ, որով ապրելու ենք, նպատակ, որին հասնելու ենք: Նպատակ, որը թույլ կտա հասկանալ մեր պետության, հասարակության գործունեությունը, նպատակ, որը տեսանելի կդարձնի մեր ապագան:
Նպատակ, որը մեր բոլոր խնդիրների լուծումը կդարձնի միջոց` հասնելու այդ նպատակին: Նպատակ, որի լուծումը մեր երազանքները կդարձի նոր նպատակներ:
Եվ որը կարող է լինել մեր նպատակը: Նպատակ, որը պետք է լինի չափելի, կոնկրետ, ունենա բացառիկ մեկնաբանություն, չլինի փոփոխման ենթակա այլ գործոններից: Նպատակ, որը չի ստորադասի մեր այսօրվա խնդիրները, մեր վաղվա երազանքները: Նպատակ, որը պետք է լինի մեր ամենօրյա ուղեկիցը:
Այսօր մեզ հուզող կարևորագույն հարցը, որն արդեն ազգային անվտանգությանն է խաթարում, արտագաղթն է: Արտագաղթ, որն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ` տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական և այլն, և այլն:
Բնակչության թվաքանակը ցանկացած պետության ներուժն է, որը կարող է դառնալ զարգացման հիմնական գրավականը: Իսկ մեզ համար դա ոչ միայն զարգացման, այլ նաև գոյության հիմնական գրավականն է: Տարածաշրջանում ամենափոքր բնակչություն ունենալը չի կարող չբերել օրեցօր աճող խնդիրներ: Ըստ այդմ, մեր պետության, հասարակության հիմնական խնդիրը պետք է լինի բնակչության թվաքանակի ավելացումը:
Պետք է կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ բնակչությունը չի արտագաղթի, որտեղ բնակչությունը կձգտի ավելացնել ծնելիությունը, որտեղ արտագաղթած քաղաքացին կցանկանա վերադառնալ, որտեղ սփյուռքահայը կվերադառնա հայրենիք, քանի որ կունենանք`
• Օրենքի գերակայություն,
• Սոցիալական պաշտպանվածություն,
• Ցածր գործազրկություն,
• Արժատապատիվ վարձատրություն,
• Մրցակցային տնտեսություն,
• Որակյալ բժշկություն,
• Որակյալ կրթություն
• Կայուն աշխատատեղեր,
• Ներդրումների խրախուսում:
Վերոնշյալը որպես նպատակներ ամրագրելու համար պետության կողմից պետք է ամրագրվի գերնպատակ` 2030թ. Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակը հասցնել հինգ միլիոնի: Նշված գերնպատակին պետք է ծառայեն բոլոր տեսակի քաղաքակությունները, ծրագրերը, բարեփոխումները, օրենքները: Նշված գերնպատակին պետք է ծառայեն բոլորիս գործողությունները:
Նշված գերնպատակի իրականացումը մեզ կտանի դեպի մեր երազանքների ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/332691840178615
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել