Մայիսի 3-ին , հայ-ադրբեջանական շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Յուզբեյով Էմրահ Այդըն օղլուն (Yüzbəyov Əmrah Aydın oğlu):
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Սա հատկանշական է այն պարագայում, որ ապրիլյան մարտերի ընթացքում սպանված 100-ավոր ադրբեջանցի զինծառայողներից որևէ մեկի անունն այս գերատեսչությունը չի ներկայացրել իր կայքում, ավելին` պաշտոնապես հայտնել է միայն 33 կորստի մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին հայտնի էր դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի մասին, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշված զինծառայողի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տարածել:
Հավելենք, որ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում գրանցված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը տվել էր բազմաթիվ կորուստներ: Razm.info-ին հաջողվել է պարզել 94 սպանված զինծառայողի ինքնություն, 87-ի թաղման մասին հայտնել են ադրբեջանական պետական և պետականամետ լրատվամիջոցները:
Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գործողությունների ընթացքում հայտնել է միայն 31 զոհի մասին` չնշելով որևէ անուն: Բացի այդ, ապրիլի 18-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել էր Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի մասին, ինչը մեկ օր անց հաստատել էր Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն Աբդուլլաևին կոչ էր արել զերծ մնալ նման տեղեկություններ տարածելուց: Այս իրադարձություններից հետո ադրբեջանական կողմի կորուստների վերաբերյալ որևէ տեղեկություն մինչ օրս չեր տարածվել: