ՄԻԱԿ քարտուղար |
Ընդդիմությունը բազմաթիվ քարոզչական «կռվաններ» է օգտագործում, որոնք հաճախ քիչ աղերսներ ունեն քաղաքական իրականության հետ: Այդ պսևդո-գաղափարներից մեկը մոտավորապես այսպես է ձևակերպվում. «իշխանությունները ամբողջությամբ ամայացրել են քաղաքական դաշտը և կուսակցությունների գործունեության համար ստեղծել են ոչ բարենպաստ պայմաններ»: Այս թեզը, բնականաբար, ավելի շատ շահարկում են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ընտրողների համար անհասկանալի հիմնավորումներով չեն մասնակցում ընտրական գործընթացներին:
Քանի որ ցանկացած թեզ կամ վարկած համեմատության մեջ է կենսունակ կամ հակառակը, հետևաբար տվյալ համատեքստում պատեհ եմ գտնում մի քանի փաստեր նշել: Եվ այսպես, ի՞նչ ունեինք մոտավորապես մի քանի տարի առաջ ու ի՞նչ ունենք հիմա.
- այն ժամանակ ընդդիմությունը գրեթե դրոշակ սարքած բողոքում էր, որ սահմանափակված են իրենց արտահայտվելու հնարավորությունները, ներկայում ԶԼՄ-ների ցանկացած կոնտենտ վերլուծություն կարող է վկայել, որ ընդդիմադիր գործիչները ավելի շատ են օգտվել/օգտվում ազատ արտահայտվելու իրենց իրավունքից, քան իշխանությունների ներկայացուցիչները,
- ներկայում տարաբնույթ քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները ավելի շատ աջակցում են ընդդիմադիր քաղաքական ուժերի քայլերին կամ ավելի շատ դաշնակից համարում են նրանց (սա նաև քաղաքացիական հասարակության կայացվածության ցուցիչ է),
- միանշանակ է, որ զգալի առաջընթաց ունենք քաղաքական ազատությունների իրացման և անհամաձայնության իրավունքները կյանքի կոչելու առումով,
- բոլոր քիչ թե շատ եղանակ ստեղծող ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայացված են Ազգային ժողովում,
- աննկարագրելի ակտիվություն կա համացանցում, որը դարձել է հասարակական կարծիք, եթե կուզեք՝ քաղաքական դիրքորոշում ձևավորող արդյունավետ գործիք (նախորդ ընտրությունների ժամանակ բոլորը կհիշեն հարյուր հազարավոր տիրաժներով CD-ները, որոնք ընդդիմությունը բաժանում էր հիմնականում ինտերնետ ցածր մատչելիության պատճառով) և այլն:
Վերոնշյալ ցանկը կարելի է շարունակել, բայց սա էլ բավարար է, որպեսզի հասկանանք, որ իշխանությունները ոչ միայն չեն գնացել ընդդիմության քաղաքական ազատությունները, արդյունավետ գործառնության պայմանները սահմանափակելու ճանապարհով, այլ շարժվել են ամբողջությամբ հակառակ տրամաբանությամբ: Այս դեպքում մեզ մնում է անել այսպիսի հետևություն. ՄԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՎԵԼ ԿԵՆՍՈՒՆԱԿ Է ՔԻՉ ԹԵ ՇԱՏ ԾԱՆՐ ՈՒ ԲԱՐԴ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ԻՍԿ ԱՎԵԼԻ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ՍՊԱՍՎԱԾԻՑ ՑԱԾՐ Է...