Լայնածավալ պատերազմը դա պետության զինված ներգործությունն է արտաքին միջավայրի այս կամ այն սուբյեկտի կամ սուբյեկտների վրա, որի նպատակն է վերջիններիս ռազմական պարտություն հասցնելու միջոցով ապահովել երկրի անվտանգությունն ու միջազգային հարաբերությունների երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերում՝սեփական քաղաքական, տնտեսական և այլ շահերի գերակայությունն ու իրացման հեռանկարը: Լայնածավալ պատերազմի վարումը ենթադրում է պետության ողջ մարդկային ու տնտեսական ներուժի ներգրավում՝ համընդհանուր մոբիլիզացիա և անցում պատերազմական վիճակի ռեժիմի, դրանից բխող բոլոր առանձնահատուկ հետևանքներով: Լայնածավալ պատերազմը ուժի գործադրմամբ քաղաքական խնդիրներ լուծելու միջոց է այն դեպքում, երբ միջպետական հակասություններն ու չլուծված վեճերը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով հարթելու հնարավորությունները սպառված են, ձեռնտու չեն կողմերից մեկին կամ էլ բխում են ազդեցիկ երրորդ կողմի շահերից: Լայնածավալ պատերազմից սկզբունքորեն տարբերվում է ԶՈՒ և կիրառվող զինատեսակների սահմանափակ ներգրավմամբ իրականացվող մարտական գործողությունները, որոնք միտված են մասնակի ռազմական հաջողությունների հասնելու միջոցով փոխել երկկողմ հարաբերություններում առկա հակասությունների վերացմանը՝ միտված քաղաքական-դիվանագիտական զարգացումների ընթացքը հօգուտ նախահարձակ կողմի: Այսինքն, եթե լայնածավալ պատերազմն ինքնին հանդիսանում է քաղաքական խնդիր լուծելու բացարձակ միջոց է, ապա սահմանափակ պատերազմական գործողությունները կարելի է համարել պետության քաղաքական-դիվանագիտական դիրքերի ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոց: Ասվածի համատեքստում ապրիլյան իրադարձություններն, անշուշտ, լայնածավալ պատերազմի բնույթին չեն համապատասխանում ո΄չ Ադրբեջանի, ո΄չ էլ հայկական կողմերի մասով, սակայն դրանց սանձազերծումով պաշտոնական Բաքուն էապես մեծացրեց լայնածավալ պատերազմի հավանականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/1192956004048643
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել