Ընտրակաշառք բաժանելու, բաժանողներին քննադատելու թեմայի շուրջ քաղաքական դաշտում կրքերը նորից թեժանում են: Թեման կրկին արդիական է: Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «ընտրություններում փող եւ մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններում փող եւ տուկի թել բաժանողներին, իսկ նրանք դատափետում են փող եւ ատամի պրոթեզ բաժանողներին»:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադառնալով իրենց կուսակցության հասցեին հնչած մեղադրանքներին ասել է. «Ովքեր որ ընտրակաշառք են բաժանում, նրանք պիտի պատասխան տան: Ես սա ասում եմ ձեր աչքերի մեջ նայելով՝ մենք որեւէ միջոց չենք ունեցել, որ բաժանենք»:
Իհարկե, իրենք ոչ մի միջոց չեն ունեցել, որ բաժանեն ընտրակաշառք: ՕԵԿ-ն իր ձայները վաստակել է ոչ թե ընտրակաշառքներով, այլ դրանց համարժեք մուրաբա, ջեմ, այլ պահածոներ բաժանելով: Ու՞ր էր ՕԵԿ-ին միջոց, որ ընտրակաշառք բաժաներ: Միգուցե Արթուր Բաղդասարյանն այդ շրջանում նոր ներդրումներ էր անում հերթական բիզնեսում:
Հ.Գ Ճիշտ եք պարոն Մարգարյան, դուք չէիք բաժանում, ուրիշ մարդ էր բաժանողը: