A1plus.am-ը գրում է.
Այս օրերին շատ հակադիր համեմատականներ արվեցին զինվորի և ոստիկանի միջև. Լրագրողի հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղղված էր ՀՀ ոստիկանապետին։ Վերջինս պատասխանում է. «Այս պահին էլ ոստիկաններ կան սահմանին, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել»։
Արդյոք ունե՞նք մենք այսօր սպառազինության խնդիր. հարցին ոստիկանապետը պատասխանեց. «Չենք ունեցել, չունենք, կան ինչ-որ թերություններ, բայց դա չի խանգարում ոչ պատերազմելուն, ոչ դիմակայելուն, ամենակարևորը՝ ունենք ոգի՝ դրանում մենք բոլորս համոզվեցինք, սակայն այդ ոգու եւ միասնության հետ կան նաև ներքին խժդժություններ, որոնք հարիր չեն մեր ժողովրդին, եւ երբ ճակատագրական հարցեր են լուծվում, պետք է խաղաղության մեջ լինենք»։
Հաջորդ հարցը 2 օր առաջ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներին էր առնչվում, որի ընթացքում տուժել էին նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ օրը ոչ մի լրագրող բերման չի ենթարկվել»,- ասաց ոստիկանապետը։
Դիտարկմանը, թե ոստիկանությունն իր ձեռագիրը չի փոխում, Վ. Գասպարյանը հակադարձեց. «Դա տեսողության, լսողության եւ հասկանալու խնդիր է. ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել, ուղղակի մարդիկ կան, որ ուզում են դա տեսնել, մարդիկ կան՝ չեն ուզում տեսնել։ Ես կարծում եմ, որ լրագրողները, եթե իհարկե նրանք լրագրողներ են, ոչ թե բեյջերը բաժանած տղաներ եւ աղջիկներ, բոլորս էլ գիտենք, որ ընտրություններում բեյջեր են բաժանում… երբ լրագրողը չի խոչընդոտում, կարող են լինել նաև սխալներ, բայց մենք տեսնում ենք մեր սխալները և ուղղում, բարեփոխվեք սիրելիներս, դուք շատ հին եք, դուք հին եք մնացել, դուք դեղնում եք, գունաթափվում եք»։
1in. am-ի լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե՝ մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները, Գասպարյանը հեռանալիս պտտվեց եւ ի պատասխան ասաց՝ «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։