Նորից հարցնում են՝ ինչպես ձևակերպենք:
Պատասխանում եմ. հայ հասարակության համար մեկ խնդիրն է՝ ստիպել Հայաստանի իշխանություններին ճանաչել Արցախի անկարությունը:
Երկրորդ՝ այսօր աշխարհը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, բայց պայման է դնում, որ դա առաջինը պետք է անի Հայաստանը: Ինչո՞ւ:
Քանի որ 1991 թվականին Հայաստանի իշխանությունները չեն ճանաչել ԼՂՀ-ն, ապա Հայաստանը ունի ԼՂՀ հանդեպ միայն մեկ իրավունք. Դա 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված եռակողմ զինադադարի մասին պայմանագիրն է, որը թույլ է տալիս Հայաստանին մասնակցել Արցախում ցանկացած ռազմական գործընթացներում: Այսինքն, այսօր Հայաստանը իրավական տեսանկյունից չի խախտում ոչ մի միջազգային իրավունք, և հանգիստ կատարում է իր՝ Արցախի Հանրապետության և նրա բնակչության անվտանգության երաշխավորի դերը: Հենց դրա համար է, որ աշխարհը լռում է Արցախում հայկական զորքերի ներկայության պահով:
Ինչ տեղի կունենա Հայաստանի կողմից Արցախի ճանաչման դեպքում: Հայաստանի և Արցախի միջև կստորագրվի փոխադարձ օգնության մասին Պայմանագիր, որից հետո էլ ոչ մի ուժ չի կարող ազդել Հայաստանի և ԼՂՀ հարաբերությունների վրա, ինչը հուշում է, որ վերջ կդրվեն միջազգային կառույցների կողմից անընդհատ հնչող պահանջներին՝ դուրս բերել Հայաստանի ԶՈՒ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից:
Հակառակ դեպքում, աշխարհի այլ եկրկրներ կճանաչեն ԼՂՀ-ն որպես միջազգային հանրության սուբյեկտ, այսինքն, կտարանջատեն մեզ Հայաստանից, և մենք իրոք կունենանք առանձին ԼՂՀ կամ Արցախի Հանրապետություն, և առանձին Հայաստանի Հանրապետություն, այն, ինչ կա Կորեայի դեպքում: Կորցնելով Արցախը՝ որպես իր մի մասը, Հայաստանը, որպես Ռուսատանի կցորդ, կկատարի միջազգային հանրության կողմից պարտադրված բոլոր որոշումները, և կգա ժամանակ, երբ Հայաստանին կներքաշեն մի գործընթացի մեջ, որտեղ Ռուսաստանը նորից Հայաստանին կստիպի կռվել Թուրքիայի հետ, իր իսկ շահերից ելնելով, իսկ հետո միայնակ կթողնի թուրքերի հետ դեմ առ դեմ: Իսկ Արցախը չի կարողանա օգնել իր համերկրացիներին, քանի որ մեր ձեռքերը կապված կլինեն միջազգային պարտավորություններով:
Այսօր Հայաստանը հնարավորություն ունի չեղյալ համարել Ռուսաստանի հետ բոլոր նախկինում կնքված համաձայնագրերը և Արցախի վերականգնված սահմանով ճանաչումից հետո նոր պայմանագրեր կնքել Ռուսատանի հետ, որոնցով Ռուսաստանը կպարտավորվի օգնել իր ռազմավարական դաշնակցին, տրամադրելով նաև իր ռազմաբազան:
Աշխարհը և Արցախը դեռ սպասում է, որ հայ հասարակությունը դա կընկալի առանց նոր արյան, նոր կորուստների, որոնք ավելի մեծ ու ցավալի կլինեն: Իսկ եթե ոչ, ապա հայ հասարակությունը կստանա նոր պատմության դաս և կհայտնվի պատմության լուսանցքում:
Մեր տղաները այդքանը հասկանում են, և չեն ների հայ հասարակությանը նման պահվածքի համար:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ