Galatv.am-ը գրում է.

ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ:

-Պարոն Մայիլյան, թե ադրբեջանական և թե ռուսական լրատվամիջոցները հայտարարում են, որ բանակցությունների նոր փուլ է սկսվում Ադրբեջանի և Հայաստանի միջև Մոսկվայի ակտիվ ջանքերով: Վերջին զարգացումները՝ Լավրովի այցը, Ս. Սարգսյանի այցն Արցախ և այլն դարձյալ կարծես թե ուրվագծում են մոտալուտ զարգացումները: Ըստ երևույթին, գոնե մոտ ապագայում ռազմական լայնածավալ գործողություններ չեն սպասվում: Այս կարգավիճակով, երբ ստատուս քվոն փաստացի խախտված է, հայկական կողմի քայլերը որո՞նք պետք է լինեն, գնա՞լ արդյոք բանակցությունների, թե՞ ոչ:

-Չեմ կարծում, թե ստատուս քվոն զգալի փոփոխությունների է ենթարկվել. Արցախի Պաշտպանության բանակին ընդհանուր առմամբ հաջողվել է պահպանել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև պետական սահմանագիծը, հակամարտության կողմերը նոր փաստաթուղթ չեն ստորագրել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներով հանդես չեն եկել և այլն. . .

Քանի որ ստատուս քվոյի հիմնական բաղադրիչները նույնն են մնացել, և Ադրբեջանն էլ հերթական անգամ հաստատել է, որ պայմանավորվելու ունակ կողմ չէ, ապա չի կարելի բացառել պաշտոնական Բաքվի կողմից ագրեսիայի նոր փորձերը։ Ուստի հակամարտության գոտում երկարաժամկետ կայունության ապահովման համար հարկ է քաղաքակա՛ն առումով փոխել ստատուս քվոն, այսինքն՝ Արցախի ունեցած զսպման ռազմական մեխանիզմները պետք է համալրվեն քաղաքական-իրավական լուծումներով՝ ԼՂՀ սուբյեկտության միջազգային ճանաչմամբ և անվտանգության տարածաշրջանային համակարգում նրա ներգրավմամբ։

Բանակցությունները հարկ է շարունակել, պարզապես դրանց նոր որակ պետք է հաղորդել։ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման միջոցով պետք է բանակցային օրակարգից բացառել ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցը։ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է նրա քաղաքացիների կողմից և չի կարող Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա լինել։ Հնարավոր է՝ դրա հետ կապված միառժամանակ դադար լինի բանակցային գործընթացում, բայց երկխոսությունը չի խափանվի վերջնականապես, քանի որ բանակցային օրակարգում կշարունակեն մնալ ևս չորս թեմաներ, որոնք ընդունված է համարել կարգավորման առանցքային խնդիրներ։ Այդ թեմաները «սիմետրիկ» են և հետաքրքրություն են ներկայացնում բոլոր կողմերի համար, ինչը նշանակում է, որ դրանց քննարկումները կարող են շարունակվել։

Բացի այդ, Արցախի Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն, պատրաստ է և պետք է ստանձնի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման իր բաժին պատասխանատվությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կամ երկկողմանի ձևաչափով բանակցային գործընթացին լիիրավ մասնակցությամբ։

-Ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականն օրերս հոդված էր հրապարակել`ազդարարելով, թե Պուտինը Բաքվին և Երևանին անձամբ է համոզելու գնալ ցավոտփոխզիջման: ՌԴ-ն, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն նպաստելու էԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում կողմերի միջևփոխզիջման հասնելուն, որոնք պետք է որ սկսվեն մոտակա ժամանակներում՝ հայտնելեն «Իզվեստիա»-ի դիվանագիտական աղբյուրները՝ միաժամանակ նշելով, որհակամարտության կարգավորման ռուսական պլանը ենթադրում է Ադրբեջանինտարածքների մի մասի վերադարձ, հակամարտության գոտում խաղաղապահներիտեղակայում, փախստականների վերադարձ, ԼՂ-ի անկախության լեգիտիմացում,որից հետո, երբ կրքերը հանդարտվեն, կանցկացվի հանրաքվե: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը: Եվ վերոգրյալի մասին որո՞նք են Ձեր գնահատականները:

-Վստահ եմ, որ ռուսաստանյան մամուլում վերջերս հայտնված հրապարակումների ետևում ադրբեջանական իշխանություններն են։ Սա շատ նման է գաղափարախոսական դիվերսիայի։ Բաքվում որոշել են օգտվել Ադրբեջանին ռուսաստանյան զենքի վաճառքով պայմանավորված հայ հանրությունում առկա դժգոհությունից և վերջնականապես փչացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները։

Ակնհայտ է, որ քառօրյա պատերազմը խորացրել է հակամարտության կողմերի միջև անվստահությունը։ Այսօր միջնորդ երկրների առաջնային խնդիրը ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ուստի պետք չէ լրջորեն դիտարկել ռուսաստանյան մամուլում հայտնված կարգավորման հակահայկական տարբերակները։ Կարևոր է հասկանալ, թե ինչու են հայտնվել այդ հրապարակումները։

-Պարոն Մայիլյան, Ձեր կարծիքով, ի՞նչ ուղերձով է ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովն այցելումԵրևան:

-Տեղեկություն եղավ այն մասին, որ այդ հարցը ծրագրվել էր երեք ամիս առաջ։ Կարծում եմ, քառօրյա պատերազմը որոշ բաներ սրբագրել է, և ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում առկա իրավիճակը կենտրոնական թեման է լինելու Երևանում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հանդիպումներում։ Հիմնական մեսիջը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառման անթույլատրելիության մասին հասցեական հայտարարությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես կայունության պահպանման երաշխիք։

Եթե Ադրբեջանի մեղքով իրենք իսկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, չեն տիրապետում համապատասխան մանդատի, սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմը չի գործում, իսկ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օֆիսն առայժմ ի զորու չէ իրականացնել հրադադարի ռեժիմի մշտադիտարկում, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մոտ կան անհրաժեշտ հետախուզական տեղեկատվության ստացման լայն հնարավորություններ՝ ադրբեջանական նոր ագրեսիայի վաղօրոք նախազգուշացման համար։

-Պարոն Մայիլյան, հիմա թերևս Մոսկվայի նպատակը մեկն է` ռուսական խաղաղապահների տեղակայումը: Նշեմ, որ գրեթե 2 շաբաթ առաջ Deutsche Welle-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը դեմ չէր արտահայտվել խաղաղապահների տեղակայմանն Արցախում: Լրագրողի հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Ս. Սարգսյանը նշել էր, որ երբեք դեմ չի եղել դրան:

Ի՞նչ եք կարծում՝ Արցախի և ՀՀ քաղաքական ղեկավարության մեջ այս հարցում խաղաղապահների տեղակայման և ընդհանրապես հնարավոր զիջումների մասին տարակարծություն կա՞ արդյոք:

-Ցավոք, մադրիդյան փաստաթուղթը կամ դրա կազանյան տարատեսակը դեռևս բանակցային սեղանին է գտնվում։ «Խաղաղության պահպանման գործառույթով անվտանգության միջազգային երաշխիքները» հանդիսանում են կարգավորման սկզբունքներին կից տարրերից մեկը։

Պետք է նկատեմ, որ ըստ ԵԱՀԿ փաստաթղթերի՝ խաղաղության պահպանման բազմազգ օպերացիան կարող է իրականացվել կողմերի միջև քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո միայն։ Քանի որ քաղաքական համաձայնագրի կամ խաղաղ պայմանագրի ստորագրումն իրատեսական չէ, մանավանդ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ապա շահարկում եմ որակում զուտ ռուսաստանյան խաղաղապահների և հնարավոր տարածքային զիջումների մասին թեմայի վրա հանիրավի մտասևեռումը։

Վերջին մի քանի տարում ինքս քանիցս առիթ եմ ունեցել փաստարկներ բերելու հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի տեղաբաշխման անթույլատրելիության և մադրիդյան փաստաթղթի ապակառուցողականության մասին։ Այս կապակցությամբ եղել են նաև ԼՂՀ քաղաքական ուժերի հայտարարություններ։

Գտնում եմ, որ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները համատեղ ջանքերով պետք է հասնեն ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների հնացած մոտեցումների արմատական վերանայման։ Ապրիլյան դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ նպատակների մասով մադրիդյան փաստաթղթում առկա որոշ շեշտադրումներ պաշտոնական Բաքվին կեղծ հույսեր են ներշնչում և, եթե կուզեք, քարտ բլանշ են տալիս ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։

-Հայկական կողմը տարածքային կորուստներ ունի: Որո՞նք են այն եղանակները, ինչպե՞ս պետք է վերականգնել մինչապրիլմեկյան ստատուս քվոն:

-Մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք ԼՂՀ Պաշտպանության բանակի հաջող գործողությունները, որոնց շնորհիվ հաջողվեց սանձել Ադրբեջանի աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիան և հարձակվող կողմին զգալի վնաս պատճառել։ Մարտական գործողությունների դադարեցումն ադրբեջանական կողմին փրկել է Պաշտպանության բանակի նախապատրաստվող հակահարվածից, որն ամենաքիչը կվերականգներ նախկին ճակատային գիծը։ Մարտերի ընթացքում թողնված մի քանի դիրքեր կարող են Արցախին վերադարձվել կամ միջազգային ճնշման տակ (ինչը քիչ հավանական է), կամ էլ մեր ստորաբաժանումները կսպասեն և կօգտվեն հակառակորդի հերթական իսկ սխալական վարքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել