Կառավարությունն այսօր որոշում է ընդունել Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին:

Այս կարգով կարգավորվում են Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողներին օտարերկրյա պետություններում բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված հարաբերությունները:

Բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է` օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության), ներառյալ` հետվերականգնողական բուժման, ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա:

Որոշումը ներառում է նաև ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար, ներառում է օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը:

Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է` հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված գրավոր տեղեկատվության, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար` կառավարության համապատասխան որոշմամբ օտարերկրյա պետությունում գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:

Հ.Գ. Այս որոշումից օգտվում են բոլոր այն զինծառայողները, ովքեր վնասվածք են ստացել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս: Այսինքն, խոսքը միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասնակիցներին չի վերաբերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել