Բարև, սիրելի ընթերցող։ Նորից սկսում եմ «Քաղաքական կենդանիների աշխարհում» հաղորդումների ցիկլը, որտեղ կներկայացնեմ այն էնդեմիկ կենդանատեսակներին, որոնց մոտ հիմա կարևորագույն շրջան է, որը ուշ մեզոզոյան շրջանում անվանում էին նորանախագահացման շրջան։
Առաջին էակը, որին կներկայացնեմ Eposagetus Extraordinarus Tkhmarus տիպի եզակի ներկայացուցիչն է։ Թեև հստակ գիտական տեղեկություններ չկան, թե ինչ հանգամանքներում է առաջացել այս բացառիկ կենդանատեսակը, բայց կա թեզ, որ փոքր ժամանակ նա պտտվող կարուսելից գահավիժել է, ու երբ գլուխը բարձրացրել է, շարժվող կարուսելի ձիու ֆիգուրի սմբակը ուժգին կպել է նրա ճակատին։ Բարեբախտաբար, Էպոսագետուսը բավականին հաստ ճակատային ոսկոր ուներ, կամ ինչպես ոչ գիտական լեզվով են բնութագրում նման դեպքերը՝ պնդաճակատ էր, ուստի սմբակի հարվածը ոչ մի լուրջ առողջական վնաս չէր պատճառել նրան, բայց անարդյունք էլ չէր մնացել: Այդ օրվանից Էպոսագետուսը համոզված էր, որ նա առնչվել է Քուռկիկ Ջալալու հետ։ Ի դեպ, պետք է փառք տանք, որ հենց ձիու ֆիգուրն էր խփել, թե չէ եթե արջի ֆիգուրը խփեր, ապա հիմա գործ կունենային Մաուգլիագետիկուսի հետ… Ինչևիցե, շարունակեմ այս տիպի նկարագիրը։
Էպոսագետը ի սկզբանե Eposagetus Kttcratsus տիպին էր պատկանում, մինչև վերջերս վերևում գտնվող էպիկական ինչ-որ կերպարների միջնորդությամբ չգտավ բումաժնիկ կեծակին, որից հետո նրա կենսամակարդակը կտրուկ աճեց, հայտնվեցին ճոխ տներ, մեքենաներ, իսկ ռեկրեցիոն շրջանում նրա գործունեության տիրութը մինչև արաբական ծով սկսեց հասնել։
Նորանախագահացման մեկնարկից դեռ ամիսներ առաջ Քուռկիկ Ջալալին կրկին այցելեց Էպոսագետուսին և հորդորեց իրեն տեր կանգնել Տիեզերական վերին ուժերից կոնկրետ իր համար նախանշված գահին, ու Էպոսագետուս Կտցրածուսը անցավ ակտիվ գործունեության։ Նա սկսեց հաճախակի երևալ Ֆեյսբուքում ու պարբերաբար ասուլիսներ հրավիրել, որտեղ նա ակտիվորեն էպիկական կենսակերպ ու իմիջ էր դրսևորում (ճիշտ է, գիտական հանրությունը մինչ հիմա չի կարողանում կողմնորոշվել, թե անթրաշ ղավուրմի տեսքով հերոսները կոնկրետ որ երկրի էպոսում են հանդիպում), տիեզերական ուժերից էր խոսում ու այլ կենդանատեսակների էր պախարակում։ Օրըստօրե նրա հայտարարությունները այնքան անհամացան, որ այսօրվա դրությամբ գիտական աշխարհը վերանայել է Էպոսագետուսի դասակարգումը և նոր ենթակարգի է նրան դասել՝ հենվելով նրա արտասովոր տխմար հայտարարությունների վրա. Eposagetus Extraordinarus Tkhmarus:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել