Քաղաքական ու հատկապես սոցիալական տիրույթներում այս օրերին լայնորեն քննարկվում է, թե Հրազդանում տեղի ունեցածից հետո, արդյոք ճիշտ է ընտրական մեխանիզմով պայքարել իշխանության դեմ, թե՝ ոչ։ Եվ, քանի որ այս պահին իշխանության դեմ պայքարող ուժը ՔՊ-ն էր, որին չհաջողվեց իր իսկ սահմանած նշաձողի սահմաններում հաղթել, ապա մնացած ընդդիմադիրներին ոչինչ չի մնում, քան դանակները սրել ու ընկնել Նիկոլի ու թիմակիցների ջանը։ Բայց նման դիսկուրսը ավելի շատ նման է օպոնենտի անհաջողությանը սպասող ու չարախնդող խանդոտ աղջկա պահվածքի՝ «եթե ես չեմ, թող նա էլ չլինի» շեշտադրումով։ Ըստ իս՝ ՔՊ- ն պետք է զերծ մնա նման խոսակցություններով բանավեճներից 2 պատճառով.
1. Բոլոր նրանք, ովքեր առաջարկում են այլևս զերծ մնալ ընտրություններին մասնակցելուց, տարբերվող այլընտրանք կամ չեն առաջարկել, կամ էլ հակված են երիցս ձախոված «գնանք, գրավենք, կոտրենք, ջարդենք» տարբերակին։ Արդեն երևի ձանձրալի է խոսել, որ նման պարագայում այս մարդիկ կամ ուժերն իրենց դնում են այնպիսի անհարմար դրության մեջ, որտեղ մեկ անգամ չէ, որ հայտնվել են ու մշտապես դուրս են եկել պարտված ( loser): Նրանք կամ չեն հասկանում, կամ պիղատոսաբար չնկատելու են տալիս, որ ռեկետի ու անօրինականության դաշտ մտնելով՝ միանգամից հայտնվում են մի սֆերայում, որտեղ իշխանությունը շատ ուժեղ է և անհրաժեշտության պարագայում ահեղ դատաստան է տեսնելու այնքան,որքան կպահանջվի։
2.Ճիշտ է, ՔՊ -ն պարտվեց, սակայն եկավ ամրագրելու «կյանքում շատ անգամ եմ պարտվել ես, սակայն պարտություններից են սկիզբ առել հաղթանակներն իմ փառավոր» հայտնի եզրույթը։ Սխալների ու բացթողումների ուղղում․ սա այն է, ինչն պիտի անել հիմա։ Եվ, կարծես, հենց այդպիսի լոզունգներ էլ հնչում են կուսակցությունում։ ճիշտ է նաև ընտրություններին մասնակցելու ֆորմատի ձևավորումը։ Փոքր ու լոկալ ընտրություններում պարտվելով՝ կարելի է իմունիտետ հավաքել ու հաղթել մեծ ընտրություններում։ Իսկ համապետական ձախողումից հետո ուշքի գալը, եթե չասենք դժվար, ապա գրեթե անհավանական է։ Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում ընտրություն հաղթելը մարաթոնի պես մի բան է։ Միանգամից մարաթոն հաղթել չես կարող, ասենք 28 կիլոմետր։ Սկզբում կվազես 2, հետո՝ 5, այնուհետև՝ 10 ։ Աստիճանաբար կստացվի նաև հասնել եզրագծին։ Ահա սա պիտի լինի ուշադրության կենտրոնում։
Հ․Գ․ Ի դեպ, գրածս թող ռևերանս կամ հաճոյախոսություն չթվա՝ ուղղված ՔՊ- ին։ Ինձ համար նախևառաջ կարևոր է կուսակցության նպատակների ձևավորումն ու իրագործումը։ Արդյոք այդ նպատակները փորքից մեծ աճման պրոգրեսիա ունեն ու ենթադրում են ծանր ու ժամանակատար աշխատանք։ Թե դրանք 100 օրում իշխանություն վերցնելու լոլոներ են։ Նույնպիսի գովասանքի խոսք կարող եմ ասել նաև Էդմոն Մարուքյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին։ Այստեղ ևս, թեպետ առայժմ ոչ ընտրական մեխանիզմների օգնությամբ, զգացվում է, որ մարդիկ աշխատում են ճիշտ կառուցել նպատակներն, ու, ամբոխահաճո լոզունգների փոխարեն, նախընտրում ավելի կոնվենցիոնալ ու կառուցողական մոտեցումներ ներկայացնել հանրությանը։ Պատրաստ եմ նույնը արձանագրել նաև նախախորհրդարանի դեպքում, եթե ստեղծված իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանը վերջապես հասկանա իր որդեգրած մարտավարության ֆիասկոն ու օր առաջ, իշխանություններին երկիրը լքելու կոչեր անելու փոխարեն, իրեն ու իր կողմնակիցներին կոչ անի լքել Ազատության հրապարակն ու ձեռնամուխ լինել նոր մոտեցումների ձևավորմանը։