Ինչ խոսք, մեր նախագահական ընտրությունները հետաքրքիր ոչ մի կերպ չես անվանի: Ընտրությունները կատարյալ անհետաքրքիր են նույնիսկ վերջին ժամերի հացադուլային համաճարակի պայմաններում: Բոլորը գիտեն, որ ելքը վճռված է: Դա Բագրատյանն էլ գիտի, էպոսագետն էլ, նույնիսկ սարաշարժությամբ զբաղվող Րաֆֆին գիտի:
Եթե նույնիսկ համարենք, որ Սերժը կատարյալ անբաշար է, մի բան նա հրաշալի է անում՝ մաքրում է մրցակիցներին: Ու ոչ թե պայքարի ընթացքում, այլ դրանից ամիսներ, տարիներ առաջ՝ առանց ավելորդ ցնցումների:
Ինչքան էլ մեզ կռուտոյի տեղ դնենք, միևնույն է, մենք միամիտ ժողովուրդ ենք, հեշտ ենք հավատում, հեշտ ենք վստահում: Այլ պարագայում հնարավոր չէր լինի բացատրել, թե ինչպես ենք հերթական մաքրումից հետո մեր հավատը ու վստահությունը էստաֆետով փոխանցում անհասկանալի ծագումնաբանությամբ գործիչերի ու գնալով ավելի ու ավելի վատերին:
Գեղամյան, Բաղդասարյան, Տեր-Պետրոսյան… Վերջինը առյուծասիրտ Գագիկն էր, ում նույնպես մաքրեցին: Բայց նրան հավատում էին: Ինչքան էլ զարմանալի էր, բայց հավատում էին: Ժամանակին նույն կերպ զարմանում էինք, թե ինչպես Լևոնին հավատացին: Պատճառը բացատրելի է՝ մարդիկ ուզում են պրծնել սրանցից և կապ չունի, թե ում առաջնորդությամբ դա կարվի: Վաղուցվա ճշմարտություն է՝ հերոսների բացակայության պայմաններում հերոսներ ես կերտում ձեռքիդ տակ եղածից: Իսկ մեր ձեռքի տակ սրանք են: Չեմ զարմանալու, եթե 2018-ին հերոս կարգենք Քոչարյանին ու աղոթենք, որ փրկի մեզ: Փրկի.. ծիծաղելի է հնչում: Ինչպես հայտնի երգում են ասում՝ «Ու ամեն ինչ կսկվի նորից»:
Հիմա անցնենք հացադուլին:
Պատկերացնենք մի իրավիճակ՝ բոքսի ռինգ, գերծանր քաշայիններ: Բռնցքամարտիկներից մեկը մարտից առաջ վախեցնում է մրցակցին՝ սպառնալով իրեն հաղթելու դեպքում նրա ընտանիքին վնաս տալ: Հենց առաջին ռաունդում վախեցածը տեխնիկական նոկաուդի է ենթարկվում: Հանդիսատեսը կատաղած է, պարտվածի մարզիչը, ջուր ցանողը ու նրա վրա սրբիչով հով անողը՝ դժգոհ, իսկ դահլիճում նստած երկու բռնցքամարտիկները, ում հետ հաղթողը պետք է հաջորդ փուլում հանդիպեր, իրենց տեղը չեն գտնում:
Վերջիններս հիմար իրավիճակից խուսափելու ու չխայտառակվելու համար հրաժարվում են առաջնությանը մասնակցել, տապալված բռնցքամարտիկին բժիշկները տանում են Աբովյանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, մնում են մարզիչը, հով անողն ու ջուր ցանողը, մեկ էլ կատաղած ամբոխը: Ամբոխն արդարություն է պահանջում ու ուզում է անօրեն հաղթածին գետնին ընկած տեսնել, իսկ մարզիչը ծեր է և արդեն 20 տարի է՝ դուրս է եկել սպորտից ու հաղթողի դեմ դուրս գալ չի կարող: Ջուր ցանողն ու հով անողն էլ նիհար ու վտիտ երիտասարդներ են ու վստահ են՝ եթե նույնիսկ հարձակվեն բռնցքմարտիկի վրա, շանսերը մեծ չեն: Ի՞նչ անել, թողնել ամեն ինչ ինչպես կա՞, թե՞ դիմել քայլի, որին անօրենը չէր սպասում: Անել մի էքսցենտրիկ բան ու պարտադրել պայմաններ, այլ ոչ թե խաղալ այն օրենքներով, որոնց պայմաններում դիմացինդ անպարտելի է:
Դե այդ քայլն էլ համարեք հացադուլը: Ապրեք, տղերք: Անդրեաս, ապրես: Դու էլ, Պարույր: Արամ, քեզ չեմ սիրում: