Այն, ինչ տեղի ունեցավ Հրազդանում երեկ, անշուշտ, սպասելի էր։ Իհարկե, սահմանային վերջին լարումների, հանրային աննախադեպ կոնսոլիդացիայի ու քաղաքական ուժերի համերաշխության ֆոնին ՏԻՄ ընտրությունները լավատեսական նոտայով անցկացնելու հույսեր էին ներշնչում։ Սակայն, այդպես չեղավ, ու կարող ենք հասկանալ թե ինչու։
Նախ, ինչ ասել է լավատեսական։ Սա ոչ թե այն է, որ իշխանությունը ձեռքերը լվանար ու առանց մարտի քաղաքը հանձեր, այլ գոնե լիներ լոյալ ու Հրազդան չգործուղեր իր ծանր հրետանին՝ թաղային հեղինակություններ, կոլխոզի պետեր, 20-ամյա ուղեղները հանած մախավիկ ջահելներ։ Եվ, իհարկե, չբաժաներ փող, ինըը և ըստ էության որոշիչ դեր խաղաց։ Իշխանությունը, եթե կուզեք, անձամբ Սերժ Սարգսյանը, չէր կարող չկռահել, որ Հրազդանում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը կարող էր վարակիչ լինել նաև ՏԻՄ ու համապետական մյուս ընտրություններում։ Իր ստացած հանրային աջակցության լիմիտը գնալով սպառվում է, ու Սասուն Միքայելյանի հաղթանակը ոչ թե գալու էր փաստելու, թե «մալադեց իշխանությանը, կարողացավ նորմալ ընտրություն կազմակերպել», այլ գալու էր ազդարարելու «իշխանությունը վախճանվում է» լոզունգի ձևավորմանը։ Սա է պատճառը, որ Հրազդանում երկար սպասված հաղթանակը չկայացավ։
Սակայն, սա չի նշանակում, որ իշխանությունը հետայսու էլ հավատարիմ է մնալու իր գործելաոճին ու շարունակելու է ժողովրդի լեզվով ասած «իր էշը քշել»․ ինչ-որ իքս պահի նա փորձելու է կոնտակտի մեջ մտնել հանրության հետ։ Նա պարտավոր է դա անել։ Որովհետև, հակառակ պարագայում, հանրությունը հուսահատությունից ու կատաղությունից կարող է ինքնադատաստան տեսնել։ Իսկ դա արդեն քաոսի սիմպտոմ է։ Անձամբ Սերժ Սարգսյանը դա չի կարող չհասկանալ ու չզգալ։
Ինչ մնում է ՔՊ -ին։ Այստեղ շատ են քաղաքական խրթին ճանապարհ անցած մարդիկ, որոնք հրաշալի հասկանում են՝ ում և ինչ համակարգի դեմ գործ ունեն։ Շատ են նաև երիտասարդները, ովքեր քաղաքական գործընթացի ու դրա տրամաբանության պատկերացման հետ դեռևս որոշակի խնդիր ունեն։ Հետևաբար, այս երկու սեգմենտների միջև շփումներն ավելի ինտենսիվ ու դինամիկ բնույթ ստանալու պետք ունեն։ Ամեն դեպքում զգացվեց, որ կուսակցությունը հսկայական գործ է արել։ Պատրաստված էր ամեն առումով։ Օրինակ, ընտրատեղասերում կային մարդիկ, ովքեր լուսակրով էին եկել ընտրատեղամաս, որպեսզի ասենք «լույսերի անջատվելու» դեպքում ապահովագրեին իրենց ու չխորշեին իշխանությունների արած մայմունություններից։ Շատ կարևոր է, որ չտիրի հիասթափություն ու ոչ թե ասվի «մենք մեր անելունը արեցինք, պահեցինք, իսկ դուք ծախվեցիք», այլ հենց վաղվանից նոր լիցքերով ու պարբերաբար այցելություններով ավելի ինտենսիվ աշխատել Հրազդանի բնակիչների հետ։ Վստահ եմ՝ այդպես էլ կլինի, քանզի թափված էներգիան ոչ մի տեղ չի կորում,ինչ որ իքս պահի այն փոխակերպվելու է։ Ֆիզիկայի օրենք է։ Մի խոսքով ամեն դեպքում ահռելի աշխատանք էր կատարվել ու վստահ եմ, որ ՔՊ ղեկավարությունը հետայսու էլ կշարունակի նույն կերպ աշխատել, իսկ այդ դեպքում հաղթանակները սարերի հետևում չեն լինի։