Քոչար (Քոչարյան) Երվանդ Սիմոնի (հունիսի 27 1899, Թիֆլիս – հունվարի 22 1979, Երևան), հայ խորհրդային նկարիչ-քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։
Երվանդ Քոչարը ծնվել է 1899թ. Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում: 1918–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918–ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում, 1918–ին՝ Մոսկովյան Ազատ գեղարվեստական արվեստների վերջին կուրսում։ 1919–ին, ավարտելով ուսումը, վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդել տեղի հայկական դպրոցներում, բացել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921–ին դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։ 1919–22–ին են ձևավորվել և դրսևորվել նրա արտիստական խառնվածքի հիմնական գծերն ու նախասիրությունները՝ ռացիոնալիզմ, ուժեղ, զգայական ձգտում դեպի պլաստիկ ծավալային ձևը, սիմվոլիկ մտածելակերպ, որոնք բնորոշ են մնացել ողջ ստեղծագործությանը։ 
1922-ին Քոչարը մեկնել է արտասահման՝ Կ.Պոլիս, ապա Վենետիկ: Այստեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս.Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։ 1923 թ. Քոչարը Փարիզում էր: Այս շրջանի նրա ստեղծագործությունը ներառում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մետաֆիզիկական նկարչության, սյուրռեալիզմի, էքսպրեսիոնիզմի հոսանքների ազդեցությունը, նրանց ոճական–ձևական հնարների համադրումը։ Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:
1936–ին վերադարձել է հայրենիք: Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ: Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, որը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր: Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.: Արգելքները, բանտը, մեկուսացումը անտարակույս ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը: Որոշիչ դեր ունեցավ նաև խռուշչովյան «ձնհալը»... Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ:
Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թ. Երևանում:
1948–ին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։
1984 թ. Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարան (Երևան), որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Մաէստրոյի ստեղծագործական ուղու մասին: Միայն Ե. Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի Տարածական նկարները:
Քոչարի արվեստն իր մեջ ներառում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես նաև ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական հիմքի վրա։
Ստեղծագործություններ
Նկարներ
«Կշռաքարերով նատյուրմորտ» (1918)
«Ջութակ» (1919)
«Ձվաձև նատյուրմորտ» (1920)
«Ըմպանակով կինը» (1920)
«Նկարչի մոր դիմանկարը» (1919)
«Դե պրոֆունդիս» (1919)
«Ղազարոսի հարությունը» (1923)
«Տեսիլք» (1924)
«Սրճարան» (1925)
«Սիրահարներ» (1926)
«Բանաստեղծը» (1924)
«Ընտանիք–սերունդներ» (1925)
«Մանիկի դիմանկարը» (1946)
«Կոմիտաս» (1946)
«Նիզամին որդու հետ» (1953)
Քանդակներ
Մաքսիմ Գորկի – գիպս, (1936)
Շոթա Ռուսթավելի – կրաքար, (1937)
ԱլեքսանդրՊուշկին – գիպս (1937)
Նիզամի – գիպս, (1940)
Հ. Աբելյան – գիպս (1943)
Խաչատուր Աբովյան – գիպս, (1945)
Անանիա Շիրակացի – գիպս, (1952)
Մեսրոպ Մաշտոց – գիպս, (1952)
Միքայել Նալբանդյան – գիպս, (1954)
«Զվարթնոցի արծիվը» – բրոնզ, (1955)
«Սասունցի Դավիթ» – պղինձ, (1959)
«Վարդան Մամիկոնյան» – պղինձ, (1975)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել