Tert.am-ը գրում է․

Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի 25/09 ընտրատեղամասի վստահված անձ Մաթևոս Ավանեսյանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց Մաթևոս Ավանեսյանը։

«Միջադեպը տեղի ունեցավ ընտրատեղամասից 70 մետր հեռավորության վրա, ես ինձ համար կանգնած էի, ինձ մոտեցավ ջիպ մեքենա, ապակին իջացրեց, Սասուն Միքայելյանն էր՝ մյուս թեկնածուն, հայհոյեց, բնականաբար, ես պատասխանեցի, դուրները չեկավ։ Երեք հոգի դուրս եկան մեքենայից, Սասուն Միքայելյանը, Կարենը, Մհերը, հարձակվեցին վրես։

Ընթացքում եղան հարվածներ, հարվածներ էին, դե բնական է, կռվի մեջ փլավ չեն բաժանում։ Փախա․․․ Նրանցից մեկը՝ Մհերը, հետևիցս խփեց, ընկա, կանայք, տղամարդիկ ամոթանք տվեցին, որովհետև կռվող մարդը երեք հոգով մեկ հոգու վրա չի հարձակվում։ Կռվող է, թող գնա սահման պահի, ոչ թե Կոտայքի մարզի կենտրոնում ահաբեկի»,- պատմեց Մաթևոս Ավանեսյանը։

Ըստ նրա՝ որևէ դրդապատճառ իրեն հարվածելու չի եղել, դա Սասուն Միքայելյանի թիմի ձեռագիրն է, ովքեր 14 տարի շարունակ բոլոր ընտրությունների ժամանակ ահաբեկել են, ավելին՝ սպառնացել անձամբ իրեն մեքենայի տակ գցել։

«Միշտ սպառնացել են, միշտ ասել են։ Ոչ մի անգամ չեմ դիմել ոստիկանություն, բայց այս անգամ դիմել են»,- նշեց Արամ Դանիելյանի վստահված անձը։

Նա նաև ասաց, որ Սասուն Միքայելյանը, թեև իրեն հարվածող մադկանց կողքին է եղել, բայց անձամբ չի հարվածել, որովհետև իրենից «կոլոտ» է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել