Դրանում ժողովրդին օգնել են մեր հերոսները, որոնք, ոչնչի առաջ չկանգնելով, ապացուցել են, որ ունակ են իրենց ուսերին վերցնել բնակչության պաշտպանության եւ պետության ինքնիշխանության բարդ խնդիրները: Խոնարհվում եմ նրանց առաջ, ովքեր արդեն 22 տարի խրամատներում են, ցեխի մեջ, սառնամանիքին եւ կիզիչ արեւի տակ պաշտպանում են իրենց հայրերի արյամբ նվաճված ազատությունը:
Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ, ովքեր չեն դրժել ծառայության անցնելիս տված երդումը եւ չեն խնայել իրենց կյանքը միասնական Հայաստանի անկախության եւ ազատության համար: Մեր հերոսները եւս մեկ անգամ ապացուցել են, որ իսկական հայ տղամարդու համար ամենամեծ արժեքը երկրի ինքնիշխանությունը, մեր ծերերի, կանանց ու երեխաների անվտանգությունն է:
Հենց նրանց շնորհիվ է, որ այսօր Արցախում կյանքը կանգ չի առել: Մարդիկ շարունակում են աշխատանքի գնալ, երեխաները դպրոց են գնում, իսկ թիկունքում անմիջապես օթեւան են տվել իրենց համաքաղաքացներին՝ թույլ չտալով նրանց հեռանալ Արցախից: Իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի համարձակվի ոտնձգություն կատարել մեր Սահմանադրության նկատմամբ, եւ մեր երկրում վերականգնվելու է մի փոքր երերացած սահմանադրական կարգը:
Արցախցիները սկսում են ուշքի գալ շոկից, որի պատճառը մեր հերոսների մարմինների նկատմամբ խոշտանգումներ են: Սակայն շոկը նահանջում է, եւ բոլորը սկսում են մտածել, թե ինչու է ողջ պատմության ընթացքում մեր դաշնակից Ռուսաստանն այդքան դաժան վարվում: Չէ՞ որ ակնհայտ է, որ այդ քանակի զենքի վաճառքն է Ադրբեջանին ոգեշնչել դիմելու խոշորամասշտաբ գործողության:
Եթե բազմադարյա պատմությունը հեռու է մեզնից, ապա նորագույն պատմության իրադարձությունները դեռ թարմ են հայերի հիշողությունում: Մարդիկ դեռ նորանոր պատմություններ են պատմում Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Գետաշենի, Շահումյանի, բուն Արցախի տարածքում տեղի ունեցած դեպքերից: Բոլորը միաձայն ասում են, որ ռուսական զորքը հայերին «պաշտպանության» է գալիս մեծ ուշացումով, հետեւաբար, «փրկչի» տեսքով: Սակայն հայ ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլը Գյումրիի գազանաբարո սպանությունն է, երբ ռուսական բազայի զինվորը սպանեց 7 հոգուց բաղկացած ընտանիքին:
Ռուսաստանն այլեւս երբեք չի կարող բացատրել հայերին, առավել եւս Արցախի բնակիչներին, իր վարքը: Սակայն այն դեռ կարող է «քավել սեփական մեղքերը» հայերի առաջ: Իսկ դրա համար շատ քիչ բան է պետք:
Ինչպես հայտնի է, երկար տարիների ընթացում Ռուսաստանը ոչ միայն մեկ ռուբլի չի վճարել Հայաստանի տարածքում իր բազայի պահպանման համար, այլ նաեւ «առգրավել է» մեր երկրի բոլոր ձեռնարկությունները՝ դրանով քանդելով ամբողջ տնտեսությունը, ինչը հանգեցրել է մեծ չափերի արտագաղթի, որն արդեն ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի է հասել: Դրա դիմաց մենք պետք է իբր անվտանգության երաշխիքներ ստանայինք, հանուն որի Հայաստանի իշխանությունները պատրաստ են եղել ամեն ինչի: Սակայն ամեն ինչ մեկ ակնթարթում առասպել է դարձել, երբ Արցախում հայ երեխաների վրա սկսել են կրակել զանգվածային ոչնչացման ռուսական զենքով:
Ռուսաստանը պետք է վճարի Հայաստանին ունեցած ողջ նյութական եւ բարոյական պարտքը: Ռուսաստանը պետք է Հայաստանում թողնի իր բազայի ամբողջ զինանոցը, ներառյալ մարտական ինքնաթիռները, ուղղաթիռները, հրթիռա-հրետանային համակարգերը, մեր երկրի տարածքից դուրս հանի բազայի անձնակազմը, բացառությամբ Վալերի Պերմյակովի, որը պետք է դատապարտվի ու պատիժը կրի Հայաստանի Հանրապետության դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ծանրագույն հանցագործության կատարման համար:
Ռուսաստանը պարտավոր է Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինություն տրամադրել, ինչպես խոստացել է ավելի վաղ: Որպես փոխհատուցում այն բանի, որ Ռուսաստանին տրամադրված ձեռնարկություններում ներդրումներ չանելու հետեւանքով վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում աշխատատեղերի բացակայության պատճառով մեր շատ հայրենակիցներ ստիպված են եղել արտագաղթել դաշնակից պետություն՝ քիչ բան չանելով այդ երկրի զարգացման համար:
Չէ՞ որ այդ ամբողջ ներուժը կարող էր օգտագործվել մեր տնտեսության զարգացման համար, ինչը հնարավորություն կտար մեր երկրին ամուր կանգնել ոտքի վրա եւ տնտեսական խնդիրների պատճառով սպառնալիքի տակ չդներ երկրի ինքնիշխանությունը՝ անդամակցելով կասկածելի տնտեսական միությունների: Ռուսաստանում մեր հայրենակիցների բարեկեցությունն ու անվտանգությունը պետք է ապահովվեն մինչ այն պահը, երբ նրանք որոշում կկայացնեն վերադառնալ հայրենիք: Միայն դրանից հետո Հայաստանը կարող է հավասարի պես համագործակցություն սկսել Ռուսաստանի հետ, եւ այդ ժամանակ ոչ ոք չի կասկածի հայ-ռուսական «հավերժ բարեկամությանը»: Հայաստանը երբեք չի մոռանում բարին, եւ դա գիտի ամբողջ աշխարհը:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ