Այն, որ ադրբեջանական զինված ուժերում կան վարձկաններ, գիտեինք դեռևս 90-ականներից, սակայն այսօր էլ այս «փոքրիկ Թուրքիան» գայթակղվում է վարձկան զինվորների, հատկապես թուրքական հատոջոկատայինների, այդ թվում նաև ահաբեկչական խմբավորումների զինվորների մատուցած ծառայություններով: Թուրքական զինված ուժերի մասնակցությունը թեպետ պաշտոնական չէ, սակայն իրականություն է: Թուրքիան ամենահետաքրքրվածն է տարածաշրջանում անկայունությամբ և դրա համար կա մի քանի հիմք: Քրդական հարցը նորից դարձել է արդիական, ի դեպ Ռուսաստանը այս հարցում բավական հաջող կերպով կարող է օգտագործել այն: Մյուս կողմից Սիրիայում պատերազմը և հատկապես Թուրքիայի հովանու ներքո գտնվող Իսլամական պետությունը գրեթե ոչնչացված է, որում Ռուսաստանի դերը բավական մեծ էր: Թուրքիան քաջ գիտակցում է, որ Ռուսաստանի համար կա մեկ այլ ցավոտ կետ. Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը, որը իրականում այդքան էլ սառեցված չէր կարելի համարել: Ռուսաստանին կարելի էր հարված հասցնել հավատարիմ «շանը»՝ Ադրբեջանին, քսի տալով, իսկ դրա համար պետք էր ընդամենը օժանդակություն և աջակցություն իր եղբայր Ադրբեջանին՝ այդ թվում նաև իր կողմից զինված ահաբեկիչներին ուղարկելով արդեն հայ-ադրբեջանական սահման: Ռուսական կողմի այս թեզը իրականում այդքան էլ հեռու չէ իրականությունից, սակայն Թուրքիայի դավադրությունը ի սկզբանե դատապարտված էր: Բանն այն է, որ նույն Ռուսաստանը առավելապես հետաքրքրված է, ոչ թե ղարաբաղյան հակամարտության լուծմամբ, այլ այդ հակամարտությունը սառեցված պահելու մեջ: Դա լավագույն գործիքն է իր ազդեցության տակ պահելու հակամարտող կողմերին՝ Հայաստանին ՀԱՊԿ անդամ դարձնելով անվտանգության երաշխավորություն խոստանալ, իսկ Ադրբեջանին զինել ժամանակակից զինտեխնիկայով: Ռուսաստանը հստակ հասկանում է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից կթուլացնի իր դիրքերը Հայաստանում (վստահ եմ, որ Հայաստանի կողմից անգամ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը ամեն կերպ խոչընդոտվել է ՌԴ-ի կողմից), իսկ Հայաստանն այսօր հստակ քայլեր է ձեռնարկում ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչը միանշանակ Ռուսաստանի սրտով չէ: Ռուսական շահի մասին մի շարք կրեմլյան վերլուծաբաններ անթաքույց կերպով հստակ ակնարկում են՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա անցկացված հանրաքվեով դարձնի իր պետության մի մաս, ինչպես Ռուսաստանը Ղրիմի հարցում: Ստացվում է, որ հայ ժողովրդի շահը միայն այլ պետությունների շահերի համընկման դեպքում կարելի է հաշվի առնել, իսկ նման իրավիճակի պատճառը մեր տնտեսական վատթար և կախյալ վիճակն է, քաղաքական և ոչ ճիշտ կառավարումը, կոռուպացված և միայն սեփական շահի մասին մտածող միլիոնատեր պաշտոնյաները, գեներալներն ու օլիգարխները: Եթե Հայաստանը իր այս կարգավիճակով չի կարողանում հստակ առաջ տանել իր ազգային ու պետական շահը, օտա՞րը մեր փոխարեն պետք է դա անի: Իհարկե ոչ: Այնպես, որ նման իրավիճակում խոսել ԼՂ հակամարտության կարգավորման մասին բավական վաղ է, հետևաբար Թուրքիայի ու Ադրբեջանի դավադրությունները կշարունակվեն, մյուս պետություններն էլ կշարունակեն գնահատել, թե որքան է համընկնում իրենց շահը մեզ օգնել-չօգնելու, թշնամուն զինելու կամ լռեցնելու հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: