Վերջին մի քանի տարիներին անընդհատ լսում ենք, թե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ուղղակի բիզնես շահերից ելնելով: Թե ինչ ազդեցություն ունեցավ էդ բիզնես շահը, բոլորս տեսանք ապրիլի առաջին օրերին:

Իսկ թվերով ինչքա՞ն է կազմում այդ բիզնեսը:

Ըստ Խաղաղության խնդիրների հետազոտման ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների` Ռուսաստանը սկսսել է Ադրբեջանին զենք վաճառել 2007թ-ից: SIPRI-ի բազայում տվյալները ներկայացված են 1990թ. գներով, այդ իսկ պատճառով առանձնացրել եմ հարաբերական ցուցանիշները:

Այսպես՝ Ադրբեջանը 2000թ-2015թ. 10 երկրներից ձեռք է բերել շուրջ 3մլրդ դոլարի զենք՝ 1990թ գներով արտահայտված, այսօրվա գներով անհամեմատ ավելի մեծ թիվ: Դրա 65.7%-ը ձեռք է բերվել Ռուսաստանից, 15.3%-ը՝ Ուկրաինայից, 7.3%-ը՝ Բելառուսից: Ընդ որում՝ 2007-2015թթ. Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 73.1%, Ուկրաինայինը՝ 11.2%, Իսրայելինը՝ 5.8%, Բելառուսինը՝ 5.8%:

Փաստորեն, վերջին տարիներին Ադրբեջանին սպառազինության շուրջ 80%-ը մատակարարել են մեր դաշնակիցներ Ռուսաստանը և Բելառուսը: Մյուս զենք մատակարարողներից են Բուլղարիան (0.3%), Վրաստանը (2.3%), Սլովակիան (0.03%), Հարավաֆրիկյան Հանրապետությունը (0.9%) և Թուրքիան (1.9%): ԱՄՆ-ն փոքր մասնաբաժնով զենք է մատակարարել 2010-2014թթ՝ 0.1%:

Այսինքն՝ Ռուսաստանից, ու չնչին մասնաբաժնով ԱՄՆ-ից բացի ոչ մի գերտերություն 2000թ.-ից Ադրբեջանին զենք ՉԻ վաճառել:

Մյուս կողմից, Ադրբեջանի մասնաբաժինը Ռուսաստանից զենքի արտահանման մեջ 2007-2015թթ. կազմել է 3.33%: Այս ցուցանիշով Ադրբեջանն ընդամենը 6-րդն է Ռուսաստանից զենքի արտահանման մեջ:

Այսինքն՝ եթե Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին, վերջինս չէր ունենա (կամ այլ տեղերից կգներ՝ կամ ավելի թանկ, կամ ավելի վատ զինատեսակներ) իր զենքերի 73.1%-ը, իսկ Ռուսաստանը կկորցներ զենքի արտահանման միայն 3.33%-ը:

Ռուսաստանը և Հայաստանը պաշտոնապես համարվում են դաշնակիցներ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ անդամներ են, Ռուսաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք 3.33%-ի համար դավաճանե՞լ դաշնակցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել