
Tert.am-ը գրում է.
Պատերազմը շատ բացասական բան է, բայց եթե չես տեսնում պատերազմը, չես հասկանում խաղաղության գինը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը։
«Ցավում եմ, որ մենք շատ շուտ սկսեցինք ապրել այն գիտակցմամբ, թե մենք էլ չենք ապրելու պատերազմական կյանքով: Այսօրվա դեպքերը բերեցին այն համոզմանը, որ մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են ավանտյուրայի, նրանք միշտ էլ կգնան դրան»,–ասաց նա։
Թևան Պողոսյանն ասաց, թե հայերի զգոնությունը կորել էր, այնինչ պետք է կարողանալ դա փոխել:
«Այն, ինչ կարողացանք անել այս օրերին, պետք է լինի շարունակական: Պետք է լինի քննադատություն, բայց դրա հետ մեկտեղ պետք է լինի նաև առաջարկ, ամեն մեկը պետք է սկսի իրենից»,-նշեց պատգամավորը:
Բանախոսն ասաց նաև, թե պետք է ունենալ օրինապաշտ հասարակություն ձևավորելու ունակություն և օր առաջ դա պետք է ձևավորել:
Պատասխանելով որոշ պաշտոնյաների՝ օֆշորային հաշիվներ ունենալու հարցին, Թևան Պողոսյանն ասաց. «Իշխանությունները պետք է գիտակցեն, որ չի կարելի թալանել և դրա համար պետք է կրեն պատասխանատվություն: Եթե սկսում են հետաքննությունները, ապա լավ կլինի, որ դրանք մինչև վերջ հասցնեն, և դա լինի թափանցիկ, ու հանրությունը դրա մասին մանրամասն տեղեկացված լինի: Այն բոլոր միջոցները, որոնք կվերադարձվեն հետ՝ բյուջե, պետք է գնան երկրի ամենաառաջնային հարցերը լուծելու, իսկ դա երկրի անվտանգության հարցն է»:
Նշենք, որ Թևան Պողոսյանն այս օրերին Արցախում էր, և խոսելով առկա տրամադրությունների մասին, ասաց. «Արցախցին դուխով է, այն դուխով, որ միշտ ունեցել է, այս համահայկական միասնության մեջ այդ դուխն ավելի է ամրապնդվել»: