Անհերքելի է, որ զենքի վաճառքը առավելապես քաղաքական գործոն է, այն չի կարող զուտ բիզնես լինել: Այն քաղաքական-ռազմավարական կարևոր լծակ է, որ բանեցնում են պետությունները տարբեր ռազմավարական խնդիրներ լուծելու համար: Միանշանակ է, որ զենքի վաճառքը դաշնակից երկրի թշնամուն, ոչ այլ ինչ է, քան վերջերս համաշխարհային քաղաքական դիսկուրսում ամրագրում ստացած ռուսական ձևակերպմամբ՝ «հարված թիկունքից»:
Երկար ժամանակ ռուսական քաղաքական էլիտան հարաբերվում էր իր ռազմավարական հակառակորդների հետ հենց մաքսիմալ օգտապաշտական շահերի պրիզմայով՝ առանց հաշվի նստելու ռազմավարական հեռանկարների ու ռիսկերի հետ: Սա ապացուցվեց Թուրքիայի օրինակով: Ռուսաստանը երկար ժամանակ մինչև «թիկունքից հարվածը» Թուրքիային վերաբերում էր առավելապես օգտապաշտական ու միգուցե նաև երևակայական հեռանկարի տեսանկյունից: Այսինքն, որ Թուրքիան Ռուսաստանի հետ սերտ տնտեսական համագործակցությամբ աստիճանաբար կվերադառնա ռուսական առանցք կամ «ռուսական եվրասիականության» տիրույթ: Իսկ Ռուսաստանը դրա համար շատ աչք փակեց իր ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահերի ոտեսանկյունից: Արդյունքում ստացվեց այն «հարվածը», որը վաղ թե ուշ լինելու էր:
Հիմա նամանտիպ ընկալումներով էլ ռուսական քաղաքական էլիտան առաջնորդվում է Թուրքիայի կրտսեր եղբոր նկատմամբ: Այն, որ Ադրբեջանը հիասթափվել է Արևմուտքից, իսկ բռնատիրության ճանապարհն էլ գրեթե ամբողջովին մեկուսացրել է նրա ղեկավարությանը, միգուցե ընկալումների ու երևակայական հեռնակարների առումով Ռուսաստանին նոր հնարավորություն է տալիս «բիզնես ժեստերով» լուրջ գործընկեր դառնալ կամ ցույց տալ դեռևս: Իհարկե, Ադրբեջանը որքան մեկուսացվում է Արևմուտքից, այնքան էլ փորձելու է օգտվել Ռուսաստանից, որոշակիորեն խաղալ ռուսական տիրույթում: Սակայն խաղալ, ոչ ավելին: Ռուսական խիստ օգտապաշտական ընկալումներն ու շահերը Ադրբեջանի պարագայում հանգեցնելու են նույն սյն սցենարին, որը Թուրքիայի պարագայում ռուսական կողմը որակեց որպես հարված թիկունքից: Սակայն կրկին Ռուսաստանի ռազմավարական, աշխարհաքաղաքական շահերը արդեն զոհաբերված են լինելու իրավիճակային օգտապաշտությանն ու երևակայական հեռանկարին: Թուրքական դասերը, կարծես, չի սերտել ռուսական քաղաքական էլիտան, ցավոք նաև այս անգամ...