Մեր ոչ բարով՝ «ռազմավարական դաշնակիցն», իհարկե իրեն հեչ դաշնակցի պես չպահեց ու չի պահում՝ սպառազինություն վաճառելով մեր թշնամուն: Հասկանում եմ նաև, որ շատերը, երևի իրենց անկապ ռուսամետության համար «վրեժ լուծելով», հիմա կտրուկ շրջադարձով ընկել են անկապ հակառուսականության մեջ:
Ինձ, ու կարծում եմ, իմ նման շատերին նա էլ, նա էլ խորթ ու անիմաստ են: Հայաստանամետ լինելն է ճիշտը: Մի՛շտ:
Բայց մի հարց էլի. շատ կներեք, իսկ մե՛ր բանակը ի՞նչ զենքով է զինված, սպառազինված: Եկեք չմոռանանք, էլի, որ մենք էլ ենք ռուսական զենքով զինված: Ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական կամ գերմանական, ո՛չ ՆԱՏՕ-ի, այլ հիմնականում՝ ռուսական զենքով: Ու այդ զենքի համար վաղը, մյուս օրը ռազմամթերքի, պահեստամասերի կարիք է զգացվելու: Փորձենք գուշակել, թե որ երկրից ենք գնելու այդ ռազմամթերքն ու պահեստամասերը: Սա դեռ իր հերթին:
Երկրորդը. իբրև թե՝ «դարն ապրած» զենքով կռվելու թեմայի ծիրին մեջ:
Մեր կանոնավոր բանակը, որի անձնակազմը հիմնականում 18-20 կամ 20-23 տարեկան ժամկետային զինծառայողներն են, ոչ թե պարզապես զինված է, այլ հոյակապ տիրապետում է իր զենքին՝ ավտոմատից ու հակատանկային «ֆագոտից» սկսած, հրետանու տարբեր միջոցներով ու տանկերով վերջացրած: Վարժ է տիրապետում, «քթածակ» բանեցնելով է տիրապետում: Եթե դա այդպես չլիներ, ապա մարտադաշտում մենք հաջողություններ չէինք ունենա: Եթե դա այդպես չլիներ, ապա բազմապատիկ գերազանցող ուժերով վրա տված թշնամին երևի կկարողանար, էլի, ավելի շատ «առաջ գալ» քան 200-300 մետրը, որից հիմնականում արդեն ետ են շպրտվել:
Երրորդը. ինչ էլ ասվի, ինչքան էլ որ քիչ չեն տարաբնույթ թերությունները, մեր զինվորները որակապես անհամեմատ լավ են պատրաստված, պարապած: Դա է վկայում «քառօրյա պատերազմի» ընթացքը: Տեսեք. բոլոր մերձճակատային ստորաբաժանումները հաշված րոպեների ընթացքում ոչ միայն բերվել են մարտական թիվ մեկ պատրաստության վիճակի, այլ պատերազմական իրավիճակի պայմաններում հընթացս անցել են մարտական կոնկրետ առաջադրանքներ կատարելուն ու խնդիրներ են լուծել: Ամեն մեկը հստակ իր տեղն ու անելիքը իմացել է ու արել է:
Չորրորդը. Ուշադրություն դարձրե՞լ եք, որ զոհվածների ու վիրավորվածների մոտավորապես մեկ երրորդը սպայական ու ենթասպայական կազմից են: Սա էլ է շատ բանի մասին վկայում: Մեր բանակում սպաներն իրենց զինվորների կողքին են, նրանց մենակ չեն թողնում, շատերը վտանգում են իրենց կյանքը՝ ենթականերին փրկելու համար, այլ ոչ թե՝ հակառակը՝ պատսպարվում նրանց թիկունքում: Սա տեսակային ու որակական առավելություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել