Ակնհայտ է, որ Ադրբեջանը ակտիվ գործողություններ սկսեց Թուրքիայի ցուցումով ու երաշխիքներով: Ալիևի հույսը կայծակնային գործողություններով շատ արագ էական տարածքներ գրավելն էր: Թուրքիային ռազմական գործողությունների վերսկսումը առաջին հերթին պետք էր ոչ թե Հայաստանին վնասելու, Ադրբեջանին տարածքներ «նվիրելու» համար, այլ առաջին հերթին մեր տարածաշրջանում իր դերը բարձրացնելու ու ռուսների քթին տալու համար: Ալիևը բնականաբար ընդունեց Թուրքիայի առաջարկը, քանի որ էական ոչինչ չէր առաջարկում Կրեմլը՝ չէր առաջարկում մի բան, որը հնարավոր չէր մերժել, որը ավելին էր քան արագորեն գրավված մեկ - երկու շրջանը: Սակայն երբ անակնկալ հարձակումից հետո հայոց բանակը վստահորեն դեմն առավ թշնամու ու ծանր հարվածներ հասցնելով հետ շպրտեց նրան՝ Ալիևի ծրագիրը գրեթե տապալվեց: Այդ ժամանակ նա արդեն բաց էր ու պատրաստ էր լսել այլ առաջարկներ: Միևնույն ժամանակ Ռուսաստանը՝ հասկանալով, որ քայլեր չձեռնարկելը կնշանակեր իր վարկանիշի ու ազդեցության կտրուկ անկում տարածաշրջանում, անցավ գործի: Ակնհայտ է, որ Կրեմլը առաջարկեց Ալիևին մի տարբերակ, որը նրա սրտով էր: Միամտություն կլինի կարծելը, թե Ալիևին կարող է բավարարել ուղղակի հրադադարի մասին պայմանավորվածությունը: Լավրովի արած վերջին հայտնի հայտարարությունները արդեն հասկանալի են դարձնում, թե ինչ են խոստացել Ալիևին: Առաջարկել են մադրիդյան սկզբունքներով շուտափույթ լուծում ու, կարծես թե, Ալիևը համաձայնվել է: Լավրովը ու Մինսի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտատարությունները մեր զորքերի դուրս բերման մասին նույնպես խոսում են դրա մասին: Ակնհայտ է տոնի փոփոխությունը թե Ռուսաստանից, թե Արևմուտքից՝ այլևս այսպես շարունակվել չի կարող, պետք է արագորեն լուծել այս հարցը: Իսկ ի՞նչ կա մեր կողմից: Հայաստանի իշխանությունները ակնհայտ դժգոհ են պաշտոնական Կրեմլից ու կարծես դա չեն էլ թաքցնում: Վստահաբար կարելի է ասել, որ խնդիր կողմերի միջև հավասարության նշան դնելու, Հայաստանին չսատարելու մեջ չէ. չեմ կարծում որևէ մեկը այդպիսի ակնկալիք է ունեցել: Խնդիրը առաջարկների ու դրանց ընդունման համար ճնշումներն են: ՀՀ իշխանությունները չափազանց բարդ իրավիճակում են. այդ առաջարկների ընդունումը թույլ չի տա ժողովուրդը, իսկ դրսից պարտադրում են արագ լուծել խնդիրը: Ի՞նչ հնարավոր տարբերակներ են երևում այս պահին: Եթե ինչ որ միջանկայլ լուծում չգտնվի, ինչը այս պահին կարծես թե չի երևում, Հայաստանը կամ պետք է մերժի կամ ընդունի այդ առաջարկները: Մերժելու դեպքում ամենայն հավանակնությամբ Ադրբեջանը նորից կանցնի ռազմական ճանապարհով հարցի լուծման՝ այս անգամ արդեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով: Միաժամանակ մենք էականորեն կվատացնենք հարաբերությունները հատկապես Ռուսաստանի հետ: Ընդունելու կամ դրա փորձի դեպքում Հայաստանում շատ հավանական է դառնում իշխանափոխությունը, ինչը իր հերթին շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Տեսնենք ինչ կլինի, ամեն դեպքում ինպես երևում է մեզ բարդ ժամանակներ են սպասվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: