Նախիջևանի շուրջ թուրք-ադրբեջանական լրատվականների աղմուկը մեծ վտանգ է պարունակում և այն պետք չէ թերագնահատել։ Նախ Անկարան Մոսկվայի հետ միասին 1921 թվականից Նախիջևանի երաշխավորն է, իսկ դա նշանակում է, որ իրավասու է միջամտել որևէ վտանգի դեպքում` ընդուպ զորքեր տեղակայել։ Այ հենց այստեղից է, որ սկսվում է ստորջրյա խութը։ Ռուսաստանը այստեղ ևս որպես երաշխավոր է։ Բայց առ այն, որ մարզը կմնա Ադրբեջանի կազմում` առանց երրորդ երկրին փոխանցման իրավունքի։ Բնական է, որ Թուրքիան երրորդ երկիր չէ, այլ առսջինը (ըստ Մոսկվայի պայմանագրի`Թուրքիան զիջում էր Նախիջևանի այն ժամանակվա «ինքնավար տարածքը» Ադրբեջանական ՍՍՀ-ին. հոդված 3): Եվ եթե Անկարան զորք մտցնի` Ռուսաստանն ինքնաբերաբար կարող է կորցնել երաշխավորի իրավասությունները և փաստացի` դուրս մղվել Կարսի պայմանագրից։ Կարելի է կրկին ենթադրել, որ «վունդերկինդ» Էրդողանը պատրաստվում է շատ գեշ նվեր մատուցել Կրեմլին։ Եվ եթե Արցախում թուրք-ադրբեջանական հրոսակի բլիցկրիգը խայտառակ ձևով տապալվեց, ապա այստեղ արդեն լռիվ այլ զարգացումներ տեղի կունենան։
Կարսի պայմանագրի տապալմամբ` Թուրքիան մեծ հարված կհասցնի նաև Վրաստանին` ներքաշելով այդ մեծ ավանտյուրի մեջ նաև Թբիլիսին, և…Իրանը, քանի որ 1931 թվականին` փոխանցելով Կոտորի հովիտը և ստանալով Փոքր Արարատն ու կապը Նախիջևանի հետ` Թուրքիան նաև Իրանին էր երաշխավորում, որ երբեք Նախիջևանում զորք չի ունենա։ 1993 թվականին, երբ թուրքական զորքերը մոտեցան Սադարակին, Իրանը ոչ միայն բողոքի նոտա հղեց` անհանգստանալով «ստատուս-քվոյի» հնարավոր փոփոխության համար, այլ նույնպես զորքեր կենտրոնացրեց Նախիջևանի սահմանին… Իրանի ուշադրությունը կտրուկ կշեղվի Սիրիայից և Իրաքից…
Փաստացի, Էրդողանը որոշել է, իրոք «խաղալ վա բանկ»` քաջ գիտակցելով, որ Նախիջևանի փաստացի անեքսիան համարժեք կլինի Ռուսաստանի կողմից Ղրիմի միացմանը և խորագույն վիրավորանք ՌԴ նախագահ Վ.Պուտինին։ Դրանով նա կարող է ազդել նաև Ռուսաստանի առաջնորդի ներպետական և միջազգային վարկանիշի վրա։
Վրաստանը կհայտնվի դիվանագիտական խորը ծուղակի մեջ և կդառնա Անկարայի խամաճիկը` հանուն Աջարիայի։
Իրանը` վերջիվերջո կունենա նոր սահման ՆԱՏՕ-ի հետ, վտանգված կլինի Արաքսի հովտում` (Մեղրիում) ստեղծվելիք հայ-իրանական ընդհանուր էներգոհամակարգը: Հետագայում կրկին Ադրբեջանի միջոցով Թուրքիան կարող է նոր պատերազմ հրահրել` այս անգամ փորձելով երկու կողմից հարվածել Մեղրիին, և , դրանով, նվազագունը` վտանգել Հայաստան – Իրան կապը (Աջարիայի պատճառով թուրքական ճիրաններում հայտնված Վրաստանը ստիպված կմիանա Հայաստանի նոր շրջափակմանը):
Այսպիսով` «նախիջևանյան խաղաքարտի» գործադրումը կարող է հանգեցնել լրջագույն դիվանագիտական քաոսի, որը, թերևս, չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, քանի որ իրավական առումով` Անկարան ունի որոշ առավելություններ և գործելու ուղիներ։ Բացի այդ` լինելով ՆԱՏՕ-ի անդամ` պաշտպանված է ցանկացած «պատժիչ» գործողություններից։ Նման կերպ Էրդողանը կփոխհատուցի Կրեմլին Սիրիայի համար, և կպարտադրի հանուն Անդրկովկասում ստատուս-քվոի պահպանմանը Վ.Պուտինին վերջիվերջո նստել իր հետ բանակցությունների` արդեն իր համար շահավետ պայմաններով։ Միգուցե սա նաև պատասխան է Կրեմլի կողմից Մոսկվայի պայմանագրից հրաժարվելու նախաձեռնությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել