ՄԻԱԿ քարտուղար |
Արդեն ուրվագծվում են նախագահի թեկնածուների մարտավարությունները: Նախընտրական մրցավազքի ընդգծված ֆավորիտը` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, կտրուկ մարտավարական փոփոխությունների չի գնալու, քանի որ նրա խնդիրը ծրագրի առավելագույն հանրայնացումն է, որը հնարավոր է ապահովել ամբողջ երկրով զանգվածային միտինգների և իրեն սատարող քարոզչական խմբերի ակտիվ ներգրավման միջոցով: Վստահաբար կլինեն նաև հետաքրքիր լուծումներ, որոնք կարող են մատուցվել հնարավոր բոլոր քարոզարշավային ուղղություններով և PR գործիքներով:
Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրելու է շարժական հախուռն քարոզարշավի մոդելը՝ շեշտը դնելով մի քանի հիմնարար ունիկալ քաղաքական առաջարկների վրա: Չեն բացառվում նաև այլ հետաքրքիր նորարություններ (բոլորին ձեռքով բարևելուց զատ), որոնք լրացուցիչ դինամիզմ կհաղորդեն նրա քարոզարշավին:
Հրանտ Բագրատյանը ընտրելու է ծրագրային բանավեճի մոդելը և փորձելու է հենց դա դարձնել ամբողջ ընտրարշավի ծանրության առանցքը: Հնարավոր են ծրագրի հետաքրքիր «շնորհանդեսներ» և իրավիճակային լուծումներ:
Պարույր Հայրիկյանը՝ որպես ռոմանտիկ քաղաքական գործիչ, այս ընտրարշավը փորձելու է օգտագործել նոր հետաքրքիր գաղափարներ գեներացնելու և իհարկե իր քաղաքական կապիտալը հանրայնացնելու միջոց: Նա հիմնականում ֆիքսվելու է Երևանի վրա և ավելի շատ կիրառելու է ասուլիսային PR-ն ու համացանցը:
Արման Մելիքյանը, բնականաբար, կենտրոնանալու է Ղարաբաղի հիմնախնդրի վրա և փորձելու է մյուս թեկնածուներին «ներքաշել» այս դաշտ: Նա իր խառնվածքին համապատասխան անցկացնելու է կոռեկտ ու հավասարակշռված քարոզարշավ, որը թեպետ քիչ գրավիչ է, սակայն հաստատ անլուրջ էլ չէ:
Էպոսագետը, ով իր քարոզարշավը սկսել է մյուսներից շատ ավելի շուտ, փորձելու է «Ժիրիկի» ֆենոմենը կիրառել, բայց դրա համար պետք է լինել բավականաչափ խելոք և տիրապետել հռետորական բազմազան հնարների:
Անդրիաս Ղուկասյանի քաղաքական «նոու հաուն» առայժմ խոստացված հացադուլն է: Սրա համար բոլորովին պարտադիր չէր թեկնածություն առաջադրել (Իսո, ականջդ կանչի):
Եվ վերջապես` բոլոր ժամանակների նախագահի թեկնածության ռեկորդակիր Արամ Հարությունյանը այս անգամ նույնպես փորձելու է գրավել ամենաիռացիոնալ թեկնածուի հարթակը: Բայց եթե նախկինում դա նրան հաջողվում էր գրեթե առանց մրցակցության, ապա այժմ պետք է շատ աշխատի, քանի որ մրցակիցներ ունի: Դրանով է, երևի, բացատրվում այն նախահարձակ մարտավարությունը, որ նախաքարոզչության այս շրջանում ընտրել է նա: