Օրվա խճողված լրահոսի մեջ հայացքս որսում է ոչ սովորական մի վերնագիր՝ հունվարի 16-ը «Բիթլզի» համաշխարհային օրն է։ Էպոսագետով, նախընտրական ինքնաոչնչացնող գզվռտուքներով, 20 և ավելի տարիներ մեր քաղաքական ու սոցիալական լրահոսն ու իրականությունը խցանած, բայց մեր կյանքը ոչնչով չփոխած, հոգնած դեմքերով գործիչների, անվերջ ու անհաղթահարելի թվացող ճգնաժամերի ու գրեթե հակակրանք առաջացնող ընտրությունների մասին լուրերի ու վերնագրերի կողքին այնքան տարաշխարհիկ, մի քիչ հուսադրող, մի քիչ էլ ռոմանտիկ է թվում «Բիթլզի» օրվա գոյությունը։
Պարզվում է, որ 2001-ից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունվարի 16-ը նշում է որպես «Բիթլզի» օր։ Օրը չգիտեի, իսկ «Բիթլզի» մասին առաջին անգամ իմացա, երբ յոթ կամ ութ տարեկան էի, երկիրն էլ Սովետական Միությունն էր՝ անպարտ ու աննահանջ թվացող, և որքան էլ զարմանալի թվա՝ իմ մայրենի Աշնակ գյուղում, ուր սովորաբար անցկացնում էի ամռան երկու ամիսները։ (Ճիշտ էր էլի մեր գյուղի ռուսերեն իմացող և գրական հայերենով խոսող միակ մարդը՝ ուսուցիչ Գառնիկը, որի գինովցած ելույթներն անխուսափելիորեն ավարտվում էին «Աշնակ՝ կուլտուրական համալսարան» տողով)։
Այդ ամառ մեր գյուղում ամեն շաբաթ օր էր «Բիթլզի» օր. շաբաթ օրերը քաղաքից տուն էր վերադառնում մորաքրոջս համալսարանի բանասիրականի ուսանող տղան ու գյուղի միակ ձայնարկիչի վրա պտտեցնում «Բիթլզի» կապույտ, փխրուն, վինիլե փոքրիկ ձայնասկավառակը։ Մորաքրոջս փայտե, ճռճռացող աստիճանների ու բակի քարերի վրա տեղավորված գյուղի առաջադեմ երիտասարդությունը որոնող լռությամբ լսում էր «Բիթլզի» մի քիչ խզացող, մի քիչ էլ ցածր ձայնագրությունն ու, հաստատ, երևակայությամբ թռչում ուրիշ-ուրիշ աշխարհներ, ուր լայն փողքերով տաբատներ էին հագնում, սև ապակիներով արևային ակնոց կրում, ուր հանրային այգու խոտերի վրա կողք կողքի հիպի աղջիկներ ու տղաներ էին պառկում, ուր երաժշտությունից բացի ցույցն էր նաև բողոքի տեսակ, ուր կոկա-կոլա էին խմում, և ուր շենքերն անխտիր բարձր էին՝ երկինք հասնող։
Մեր գյուղի սիրուն, ձիգ ու մի քիչ թուխ սասունցի տղեքը, որ հաստատ Ջոն Լենոնի կամ ՄաքՔարթնիի երգերի յուրաքանչյուր պտույտից հետո ավելի ու ավելի էին համոզվում քաղաք գնալու որոշման մեջ, իրենց չիմացած անգլերենով փորձում էին հակասովետական բառեր որսալ։ Ու ոչինչ չհասկանալով՝ ինձ էին հարցնում՝ ինչ ա ասում։ Ես, որ անգլիական դպրոցի երկրորդ կամ երրորդ դասարանում պիտի լինեի, ու համագյուղացիներիս թվում էր, թե արդեն անգլերենով Շեքսպիր եմ կարդում, լավագույն դեպքում Yesterday, Come Together կամ Let It Be բառերն էի հասկանում, իսկ մնացյալը երևակայություն էր... Նաև մեր գյուղում «Բիթլզի» օրվա մասնակից լինելու կարևորության ու տարաշխարհիկ ինչ-որ բանի հաղորդակից լինելու զգացողություն։ («Աշնակ՝ կուլտուրական համալսարան»:)
Չծիծածեք՝ մեր գյուղում նաև Հեմինգուեյի օրեր էին լինում։ Մորաքրոջս համալսարանի բանասիրականի ուսանող տղան քաղաքից իր հետ նաև «Գարուն» ամսագրի համարներ էր բերում, ու մորաքույրս որոշում էր, որ մեր գյուղի Փիրշնցի Վարդուշին կամ Տալվորիկցի Մայրամին Հեմինգուեյ պիտի կարդա։ Համ էլ կատակով ավելացնում էր՝ որ պարապ մնացին կբամբասեն, ավելի լավ ա զբաղացնեմ։ Ու կարդում էր. փայտե, ճռճռացող աստիճանների ու բակի քարերի վրա տեղավորվում էին Վարդուշը, Մայրամն ու նրանց թոռները, ու մորաքույրս իրենց ցեղին բնորոշ արտիստական առոգանությամբ կարդում էր «Կիլիմաջարոյի ձյուները»։ Վարդուշը, Մայրամն ու նրանց աղջիկ թոռները լսում էին, տխրում, երևակայում, երազում բարձրակրունկ կոշիկների, բնական մետաքսից ծաղկավոր զգեստների, կարմիր շրթներկի, թափանցիկ զուգագուլպաների ու քաղաքի փողոցով սուրացող մեքենաների մասին։ Բայց այս ամենը երազ էր, ու նրանց նույնիսկ քաղաք գնալը սեփական որոշում չէր, այլ հաջող ամուսնության հեռանկար։ Ու նրանք մխիթարվում էին լուսանկարից իրենց նայող Հեմինգուեյի սվիտրից գործելով, որ մոդային ու տարաշխարհիկությանը մոտենալու գրեթե միակ տարբերակն էր։
Նրանց հետ ես էլ Հեմինգուեյին առաջին անգամ մեր գյուղում ճանաչեցի, սիրեցի, ընտրեցի։ («Աշնակ՝ կուլտուրական համալսարան»:)
Հետո, տարիներ անց, շատ տարիներ անց, Հեմինգուեյի՝ մեր գյուցում հայտնի այն սվիտրով լուսանկարը տեսա Բոստոնի ազգային գրադարանում։ Մեր հայրենակից Յուսուֆ Քարշի լուսանկարների շարքում նաև այս բացառիկ դիմանկարն էր։ Որտեղի՞ց այն ժամանակ աշնակցիներն իմանային, որ նկարի հեղինակը հայ է...
«Բիթլզի» առաջին համերգից անցել է 56 տարի, գրեթե 61 տարի առաջ կյանքից հեռացել է Հեմինգուեյը։ Մեր գյուղում առաջվա պես լսում են «Բիթլզ» ու կարդում Հեմինգուեյ։
Իսկ էս խառը, անհանգիստ ու տարօրինակ աշխարհում ինչ-որ մի տեղ պատերազմ է, քաղաքականություն, ընտրություններ, ռումբեր համալսարանի վրա, իսկ կռիվներից ու արցունքից ազատ ժամերին աղջիկներն ու զինվորներն էլի «Բիթլզ» են լսում ու Հեմինգուեյ կարդում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/424184790991474?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել