ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ
Գորգիսյանների տոհմական բնօրրանը եղել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սղերդ քաղաքը, որտեղ ծնվել է Մովսեսի պապը` Սամի Չաուշը: 1915թ. Մեծ եղեռնի օրերին նա դարձավ պայքարի մարտիկ. հայրենի բնակավայրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, բազում վճռորոշ մարտերի, հետագայում` Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Պատմում են, որ թուրք եղեռնագործների ձեռքից մոտ հարյուր աղջիկ է ազատել, որոնցից վերջինին` Վերոնիկային, վիճակված էր դառնալ նրա կինը` Մովսեսի տատը:
Գաղթի ճանապարհները Մովսեսի նախնիներին տարել են Եգիպտոս: Կահիրեում մի սրճարան կար` «Ընկեր Սամուելի սրճարանը», որը դարձել էր հավաքատեղի, ուր ամեն երեկո աշխատանքից հետո հավաքվում էին հայերը: Փոքր տարիքից Սամվելը ՀՅԴ շարքերում էր և ուխտել էր ծառայել հայությանն ու Հայաստանի ազատագրման արդար դատին:
Եղեռնի տարիներին պատմական Կիլիկիայից Մերձավոր Արևելք է տարագրվում նաև Մովսեսի մոր` Աթթարյանների տոհմը: Երկրորդ աշխարհամարտից հետո` 1947թ.-ին հարյուր հազարավոր հայրենակարոտ հայերի հետ Մովսեսի ծնողները` Գևորգը` Կահիրեից և Ալիսը`Հալեպից, առաջին իսկ քարավանով հայրենադարձվեցին: Սակայն խորհրդային իշխանությունների որոշումով նրանք դասվեցին հասարակության համար անցանկալի տարրերի շարքում և բռնագաղթվեցին Ալթայի երկրամաս: Այնտեղ էլ հանդիպեցին Մովսեսի ծնողները, ամուսնացան, ունեցան զավակներ` Սամվելին և Արաքսին: Ստալինի մահից հետո
Գորգիսյանների ընտանիքին թույլատրվեց վերադառնալ հայրենիք, հաստատվել Երևանում, որտեղ էլ 1961թ. դեկտեմբերի 3-ին ծնվեց ընտանիքի կրտսերը` Մովսեսը:
Մովսեսը երեք տարեկան էր, երբ աքսորավայրում ձեռք բերած բազմաթիվ հիվանդություններից մահացավ հայրը: Երեք փոքր երեխաների հոգսերով ծանրաբեռնված մայրը` Ալիսը, ստիպված էր զօրուգիշեր աշխատել: Մնալով անհայր և կյանքի դառնությունները ցմրուր ճաշակելով` Մովսեսը վաղ հասունացավ. նա իր բացառիկ ունակություններով առանձնանում էր հասակակիցներից: Նա դաստիարակվել է մի ընտանիքում, ուր պաշտամունք էին ազգային-ազատագրական շարժման նվիրյալները, և Սամի Չաուշը վերածնվեց թոռան մեջ ազգային հողի վրա անզիջող-հանդունգն բնավորությամբ:
Դեռ փոքր հասակից գերզգայուն էր, ընկալունակ, անչափ հետաքրքրասեր խառնվածքով, ամեն բան ձգտում էր ըմբռնել, իմաստավորել մինչև վերջին մանրուքը: Աչքի էր ընկնումսկզբունքայնությամբ. մինչև վերջ պնդում էր իր տեսակետը և ապացուցում իրավացիությունը: Ոչ ոքի չէր վիրավորում, բայց գիտեր ընդդիմախոսել, հատկապես ազգային հարցերի շուրջ:
Հարևան Նաջարյանների տանը հաճախ էին հավաքվում Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ-ի) անդամները: Մովսեսը դպրոցական երեխա էր և հաճախ ներկա էր լինում այդ հավաքներին, ակնապիշ լսում զրույցները: Այստեղ նա ծանոթացավ դարասկզբի ազգային- ազատագրական պայքարի պատմությանը, ֆիդայինների սխրագործություններին: Հետո ծանոթացավ Աշոտ Նավասարդյանի հետ, ով Մովսեսի նվիրվածությունը ստուգելու համար մի քանի հանձնարարություն էր տվել ու ապշել նրա հավատարմությունից:
Մովսեսը նպատակասլացություն, վճռականություն սովորեց Հայոց ազգային-ազատագրական պայքարի մեծերից, ավագ սերնդի զինակից ընկերներից ու սերնդակիցներից, ձեռք բերեց հաղթանակ կռելու հաստատակամություն:
* * *
Գորգիսյանի դերասանական տաղանդն ի հայտ եկավ մանկուց և կանխորոշեց նրա ստեղծագործական կյանքի հետագա ընթացքը: Պատանեկության տարիներին Մովսեսը շրջանային մշակույթի տանը գործող ասմունքի և թատերական խմբակների աչքի ընկնող անդամներից էր, խաղում էր բեմադրություններում ու ասմունքում էր:
1980թ-ին ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Նրան խոստումնալից ապագա էր սպասվում:
Ուսանողական տարիների նրա փայլուն նկարագիրը փաստում էր, որ մուտք է գործում արվեստի բնագավառ որպես հասուն երիտասարդ: Պատահական չէր, որ անվանի ռեժիսոր Արման Մանարյանն ու Հենրիկ Մարգարյանը «Ոսկի և հող» գեղարվեստական ֆիլմը (սցենարի հեղինակ`Շահեն Թաթիկյան) նկարահանելիս գլխավոր դերը վստահեցին Մովսեսին, որը նա կատարեց փայլուն` իրեն հատուկ ընդգծվածությամբ և, ավաղ, սեփական ճակատագրի բնութագրումով. Սանթուրը ռազմաճակատ մեկնեց հայրենիքը պաշտպանելու և չվերադարձավ:
Այդպես էլ ինքը` Մովսես Գորգիսյանը:
Ամուսնացավ իր համակուրսեցու` Ռուզանի հետ, ով դարձավ Մովսեսի ամենահավատարիմ ընկերն ու գաղափարակիցը: 1982թ-ին ծնվեց նրանց դուստրը` Գոհարը:
Նրանք այն հազվադեպ երիտասարդներից էին, որ թողած մայրաքաղաքի աշխատանքը և ստեղծագործական նշանակալի հնարավորությունները, վճռեցին գնալ Հայաստանի հեռավոր շրջան` Գորիս: Տեղի դրամատիկական թատրոնում Մովսեսը խաղաց Շեքսպիրի «Սխալներիկոմեդիա», Լև Կորսունսկու «Ինքնակոչը», Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացումներում: Մովսեսն օժտված էր բարդ, հակասական ներաշխարհով, մի կողմից` արվեստագետի զգացմունքային հոգին, մյուս կողմից կորովի, անկոտրում կամք,
վճռականություն, սառը, բյուրեղյա դատողություն:
* * *
1966 թվականին միակուսակցական խորհրդային կայսրության սահմաններում, Ազգային միացյալ կուսակցության հիմնաքարն էին դնում այն երիտասարդները, ովքեր փորձում էին գերակա դարձնել Հայրենիքի անկախության գաղափարը:
1979թ. փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ նա որդեգրվեց Հայաստանի պետականության վերականգնման, Հայ դատի արդարացի լուծման պայքարին ու դարձավ ԱՄԿ երդվյալ անդամ...
Խորհրդային պետությունում ազատության ցանկացած դրսևորում հետապնդվում էր և Հայաստանի անկախության ու Հայկական հարցի արդարացի լուծման ջանքերն արժանանում էին հալածանքների. ԱՄԿ-ի գաղափարակից ավագ ընկերները ձերբակալված էին և իրենց պատիժն էին կրում խորհրդային ճամբարներում:
1987թ., երբ դեռ պարզ չէր, թե գորբաչովյան քաղաքականությունը դեպի ուր կտանի, ԱՄԿ-ի հենքի վրա, ստեղծվեց Ազգային Ինքնորոշում Միավորումը, որի հիմնադիրներն էին Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Մովսես Գորգիսյանը,Մեխակ Գաբրիելյանը և Սուսաննա Ավագյանը: Նրանք ընդհատակյա պայքարը տեղափոխեցին ժողովրդավարության դաշտ` ազգային գործունեություն ծավալելու:
Սկսվում է Գորգիսյանի գործունեության նոր փուլ: Որպես առաջին քայլ, ստեղծվեց քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե: Մովսեսը պայքարում էր քաղբանտարկյալների ազատության, մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության սկզբունքների հաստատման համար:
Անկախության գաղափարը տարածելու և ժողովրդի սեփականությունը դարձնելու նպատակով ստեղծվեց «Անկախություն» շաբաթաթերթը, որը դարձավ հայ ազատ մամուլի առաջնեկը:
Որոշ ժամանակ անց Մովսեսը սկսեց ռուսերենից թարգմանաբար հրատարակել «Գլաստնոստ» («Հրապարակայնություն») պարբերականը: Այն ժամանակի համար անաչառ տեղեկություններ տվող մամուլ էր, որի սպառումը օրըստօրե մեծանում էր: Երբ 1988-ին սկսվեց ազգային ազատագրական պայքարի նոր փուլը` Ղարաբաղյան շարժումը, շատերն անգամ չէին մտածում անկախ պետականության վերականգնման մասին:
Մովսեսն իր ներքին ուժով, խոսքի վարպետությամբ, բացատրելու, համոզելու ունակությամբ, զորեղ տրամաբանությամբ ու խորաթափանցությամբ կարողացավ բոլշևիզմի սերմանած վախն ու բարդույթը արմատախիլ անել ժողովրդի միջից: Իր համարձակությունն ու գաղափարի նվիրումը խթանում էր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը:
«Մենք պայքարում ենք ինքնորոշման ճանապարհով վերականգնելու մեր ազգի կորուստներից ամենասրբագույնը` ազատությունը»: Այդպես էր ասում և ապրում Մովսեսը: Թեև երեք տարվա ընթացքում վեց անգամ ձերբակալվեց, այնուհանդերձ մնաց անընկճելի:
1988թ-ի մայիսի 28-ին, Խորհրդային Հայաստանում, առաջին անգամ ծածանվեց մեր անկախության խորհրդանիշ Եռագույնը: Մովսեսը սկսեց հրատարակել հայ ազատամարտին նվիրված գրքույկներ, իսկ երբ ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, ի պաշտպանություն նրանց, տպագրեց երկլեզու «Մեղադրվում են» ժողովածուն: Նա այցելում էր ձերբակալվածների ընտանիքներին, սատարում նրանց: Կազմակերպում և մասնակցում էր արտոնված և չարտոնված հանրահավաքներին, ցույցերին, հռետորական ձիրքի լավագույն դրսևորումները նրա ելույթներն էին: Հանդիպումներ էր ունենում Հանրապետության, Միության և միջազգային տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների, թղթակիցների, մտավորականների ու քաղաքական գործիչների հետ: Քաղաքական վայրիվերումների մեջ տարուբերվող խմբավորումներն ու հոսանքները համախմբող, շաղկապող օղակ էր և զորավիգ էր լինում այլ հասարակական կազմակերպություններին:
Իր գործունեության առաջին իսկ օրվանից Մովսես Գորգիսյանը որդեգրել էր մի սկզբունք. թույլ չտալ, որ Հայաստանի անկախության ճանապարհին ազատագրական պայքարը շեղվի ու վերածվի որևէ կուսակցության ու գաղափարի հակադրության, այլ մնա ի շահ հայ ժողովրդի նվիրական երազանքի ու արդար պահանջատիրության, ի շահ մարդասիրության ու պայքարի:
Մովսեսն ապահովում էր հայաստանյան տեղեկատվությունը արտասահմանում, տալիս համարձակ հարցազրույցներ:
Երկրաշարժի առաջին իսկ օրը իր բողոք-հացադուլով մեկուսարանում պահանջեց անհապաղ իրեն ազատ արձակել և հնարավորություն ընձեռել ազգի համար ողբերգական այդ պահին իր ժողովրդի կողքին լինելու, նրա ցավը կիսելու և օգնելու տուժածներին:
Նրա միտքը տեսնում էր, որ ազգընտիր խորհրդարանը կարող է լուրջ քաղաքական ուժ հանդիսանալ հայ ժողովրդի համար: Սակայն, ցավոք, դրա գաղափարախոսը չտեսավ այն:
«Ղարաբաղ» պահանջող ժողովրդին բացատրում էր, որ միայն անկախ, ազատ և հզոր Հայաստանը կարող է օգնել Արցախին:
* * *
1988-ի փետրվարին Ադրբեջանում սումգայիթյան ոճրագործությունը ապացուցեց, որ անհրաժեշտ է ոչ թե հույսը դնել խորհրդային բանակի վրա, այլ ունենալ սեփական զինվորական կազմավորումներ: Պետք էր զինվել և պատրաստ լինել հարևան պետությունների ոտնձգություններից պաշտպանվելու:
«Ինքնապաշտպանությունը ազգի սրբազան իրավունքն է»,- ասում էր Մովսեսը: Նա գտնում էր, որ նախ և առաջ անհրաժեշտ է հայ տղամարդկանց հավաքագրել, վարժեցնել զենքին, զորավարժություններ կազմակերպել, այդուհետ ամրագրել Հայոց Ազգային բանակի սկզբնավորումը: Բայց դեպքերն այնպես արագ ընթացան, որ բանակումի ժամանակ չկար, սահմաններում կրակոցներ սկսվեցին ու անհրաժեշտություն եղավ ստեղծել կամավորական ջոկատներ:
Մովսեսը դարձավ «Հայոց ազգային բանակ» և «Անկախության բանակ» ջոկատների հիմնադիրը: Հուշեց գաղափարն ու օգնեց գաղափարական ու կազմակերպչական, ինչպես նաև սպառազինության և հանդերձանք հայթայթելու հարցերում:
Անզեն հայությանը նախ զինեցին ոգով և հետո նաև զենքով: 1990թ. հունվարի 18-ին լուր ստացվեց, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էին հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ: Օրըստօրե ահագնացող սպառնալիքը չեզոքացնելու համար ինքնապաշտպանական ջոկատները աճապարում էին դեպի Երասխավան:
Մովսեսն այդ օրը հիվանդ էր` ջերմություն ուներ: Գործերը շատ էին, սակայն ոչ կազդուրվելու, ոչ սնվելու, ոչ էլ քնելու ժամանակ չկար. Երասխավանի կռիվը «Անկախության բանակի» առաջին մարտն էր, այն էլ` խորհրդային բանակի դեմ:
Պարտքը կանչեց, և Մովսեսը, որ հազար ասելիք ու անելիք ուներ իր ժողովրդին, հավերժ 28- ամյա գաղափարական մարտիկը, զենք վերցրեց, որ սերունդներին սրբագործված հանձներ իր պատգամը: Մեկնեց ի մարտ, ի հաղթություն...
Գիտակցելով, թե հայ-ադրբեջական սադրանքների թիկունքում ովքեր են կանգնած և ինչ նպատակ են հետապնդում, 1990թ.-ի հունվարի 19-ին Երասխավանի բլրի վրա լսվեց Մովսեսի վերջին խոսքը. «Չե՞ք տեսնում, սա խաղ է` թատրոն»: Դեմքով դեպի բարձր սարը, ուր տեղակայված էր թշնամին, որին աջակցում էին խորհրդային ստորաբաժանումները, նա քայլում էր զայրացած ու ձեռքերով ինչ-որ բաներ ասում: Ավարտվել էր սադրանքը և ետ վերադառնալ էր պետք: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը գտավ նրան: Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի հարևանությամբ: Մովսես Գորգիսյանը հայ ժողովրդին առաջնորդեց դեպի ազատ, անկախ Հայաստան` միացյալ Հայաստանի երազանքը ժառանգելով եկող սերունդներին:
1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ
Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը:
Աննկուն կամքի ու բարոյական սկզբունքների շնորհիվ Գորգիսյանը դարձավ առաջնորդ:
Աստված, Ազգ, Հայրենիք` ահա Մովսեսի հավատամքը: Մարդ, ով իր ապրած կարճ կյանքով կրթեց հազարավոր մարդկանց և հայեցի ապրելու ու գործելու ուղենիշ դարձավ սերունդների համար:
Մովսես Գորգիսյանը հայ ժողովրդի ազատատենչ ոգու խտացված և հավաքական մարմնացումն է ու հայոց նորագույն պատմությունը կերտողներից:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/01/blog-post_4127.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել