Հակառակորդն արկակոծել է լրագրողների մեքենան. Տուժածներ չկանPanARMENIAN.Net-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդը շարունակում է ականանետերից և հրանոթներից արկակոծել Պաշտպանության բանակի առաջնային դիրքերն ու հայկական բնակավայրերը: Այս ուղղությամբ հակառակորդը կիրառում է նաև մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Առավոտյան այնտեղ է մեկնել լրագրողների խումբը, որոնց թվում էր նաև PanARMENIAN.Net ի թղթակիցը:

«Մեքենաներն իրարից հեռու կանգնեցրեք, մի կուտակվեք, դուք էլ իրարից հեռու կանգնեք, հենց այս պահին էլ անօդաչու սարքեր են աշխատում, վտանգը մեծ է»,- ասաց հայ և արտասահմանցի լրագրողներին դիմավորող գնդապետը:

Միայն երբ ՊԲ-ն խոցեց ԱԹՍ-ն, լրագրողները կարողացան առաջ շարժվել դեպի մարտական գործողությունների առավել թեժ կետեր:

«Վերջին անգամ արկն այ այստեղ ընկավ»,- պատմեց շարքային հրետանավորն ու բացատրեց՝ հայկական հրետանու արդյունավետությունը դիպուկության մեջ է, ցույց տվեց լիցքավորված հաուբիցը և ավելացրեց. «ամեն վայրկյան պատրաստ ենք «կրակ» հրամանին»:

Զինվորներն ասում են, որ զինամթերքի մատակարարումը պարբերական է, մթերքինը և անհրաժեշտ այլ իրերինը՝ նույնպես:

«Էս ոտքիս տակի հողը տեսնու՞մ ես, այստեղ թուրքի ոտք չի լինելու, եթե ինձ խփեն էլ, հաստատ գիտեմ՝ տղերքն են պահելու»,- ասաց ժամկետային շարքայիններից մեկը:

Զինվորները լրագրողներին հորդորում էին վերջացնել և արագ վերադառնալ ավելի ապահով շրջաններ, հակառակորդի թռչող սարքերը կարող էին նկատել և թիրախավորել, այդպես էլ եղավ: Հետդարձի ճանապարհին 3 արկ ընկավ լրագրողների մեքենայից 30-50 մ հեռավորության վրա: Տուժածներ չկան:

Դիրքերից վերադարձի ճանապարհին Կիչան գյուղի բնակիչները պատմել են, որ կյանքը հիմկանանում բնականոն ռեժիմով է ընթանում: Վստահ են, որ մեր զինվորներն ու բազմաթիվ կամավորները թուրքին առաջ չեն թողնի:

«Խանութը բաց է, աշխատում է: Գյուղից ոչ մեկը չի գնացել, տղաս Մարտունիում է ծառայում, քիչ առաջ էի խոսում, ասաց՝ «մամ ջան, ամեն ինչ նորմալ է»,- պատմեց բնակիչներից Բաղրամյան Համեստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել