Lragiir.am-ը գրում է․
Ռազմական գործողությունները սկսվել են, զոհերի թիվը տասնյակներով ու հարյուրներով է հաշվվում, բայց նորից հավասարության նշան է դրվում հայկական ու ադրբեջանական կողմերի միջև, իսկ տեղեկություններն արտասահմանյան մեդիայում այնքան ցաքուցրիվ են, կարծես պատերազմն ինչ-որ անհայտ մայրացամաքում է ընթանում։

Մինչդեռ քաղաքական կամքն ու լրագրողական տարրական բարեխղճությունը բավական էր պարզելու, թե ով էր նախահարձակը։ Ադրբեջանական հայտնի կայքերը երեկ արդեն գրում էին «բլիցկրիգի» մասին և արդարացնում իրենց զոհերի քանակը, թե՝ «հարձակվող բանակը ավելի մեծ կորուստ է կրում, քան պաշտպանվողը»։

Ովքեր չգիտեն՝ «բլիցկրիգ» նշանակում է կայծակնային պատերազմ, բառը լայն շրջանառություն է ստացել ՍՍՀՄ-ի վրա Հիտլերի հարձակվելու օրերից։ Ուրեմն, ինչքան ապուշ պետք է լինես (կամ անտարբեր), որ բառը մի կողմից իրեն վերագրելուց հետո մյուս կողմին էլ կասկածես պատերազմ սկսելու համար։ Մանավանդ եթե տեղեկատվությունը «ազգային լեզվով» չէր, այլ ռուսերեն (որը մայրենի լեզու է Հայաստանի մի ամբողջ ռազմավարական դաշնակցի համար)։

Հարձակվող ու պաշտպանվող բանակների կորուստների մասին դատողությունների հեղինակն էլ, ի դեպ, պատահական մարդ չէր՝ Ադրբեջանի ազգային հերոս Ռասիմ Աքպերովն էր։

Ճիշտ է, նման շահեկան տեղեկությունները հայկական կողմից ևս քարոզչական ու դիվանագիտական խողովակներով արդունավետ չի օգտագործվել («Արմենպրեսն» անդրադարձավ Աքպերովի խոսքերին, բայց լուրը հետագա տարածում չունեցավ), ինչի համար նույնպես պետք է առանձնահատուկ տաղանդ ունենալ։

Մյուս կարևոր պահը. որպես հանելուկ է ներկայացվում, թե ո՞վ էր դրդել, թույլ տվել լայնածավալ ռազմական գործողությունները՝ դրանք առանց «վիզայի» չեն լինում։

Միջազգային վերլուծաբանները պետք է հարցնեն. ո՞ր երրորդ երկիրն ուներ չբավարարված հավակնություն մեր տարածաշրջանում։ Թուրքիան, իհարկե... շատ իղձեր, բայց հիմա հազիվ իր գլխի ճարը տեսնի։

Մյուս կողմից, հայ-ադրբեջանական շփման գծում զորք տեղադրելու մասին երկու տարի բացահայտ խոսում է Ռուսաստանը, որը նույն ընթացքում մի քանի ռազմական միջամտություն է իրականացրել օտար երկրներում։ Ուրեմն, միակ տրամաբանական թեկնածուն է. ինչպե՞ս կարող է, գոնե Արևմուտքը, դա լուրջ չընդունել։

Ըստ ռուսական որոշ վերլուծաբանների, Ալիևը խուճապի մեջ է. «Ալիևը փրկում է վարչակարգը». փորձագետները հայտնում են Լեռնային Ղարաբաղում սրման պատճառը». սա «Կոմսոմոլսկայա պրավդայի» երեկվա հրապարակման վերնագիրն է։ Ենթավերնագիրը՝ «Ադրբեջանի նախագահը չի կարող զսպել մանաթի անկումը»...

Երկակի ստանդարտների կիրառումը վերլուծական անճարակության կամ ձեռնածության արդյունք է։ Եկեք այս հրապարակման մեջ Ալիևին փոխարինենք Պուտինով, ու պարզ կդառնա, որ նա ճիշտ նույնքան մոտիվ ունի ներքին դժվարություններից մարդկանց ուշադրությունը շեղելու։ Դա իհարկե ռուսական մեդիան երբեք չի համարձակվի բարձրաձայնել։

Հայաստանի վիճակի բարդությունն այն է, որ Պուտինի ու Ալիևի շահերը նոր չէ, ինչ համընկնում են՝ սկսած Մայդանից, և պետք է միշտ հաշվարկել կրիտիկական, ագրեսիայի բազմապատկման պահը։

Դա չի արվել, բայց այն նվազագույնը, ինչի իրավունքն ունի հայ հանրությունը, առավելագույն իրազեկությունն է։ Քանի որ այն իրեն հրաշալի է դրսևորել։ Ոչ մի լացուկոծ։ Կամավորագրվելու շարժում։ ՖԲ-ի ինձ հասանելի հատվածի օրինակելի վարքագիծ՝ ոչ մի անհիմն հղում ադրբեջանական աղբյուրներին։

Իրազեկությունը չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը անձամբ պետք է հրապարակի զոհերի թիվը, եթե դա Ադրբեջանը չի անում, իսկ միջազգային մեդիան երկու կողմին նույն չափով է վստահում։ Բայց կարիք կա գնահատականների, մանրամասն վերլուծությունների ։ Թե ինչ մոտակա ու հեռահար ռազմական նպատակներ ունի հակառակորդը, քարտեզով ո՞ր բարձունքը, ո՞ր դիրքը ինչի համար են գրոհել։

Դա կօգնի հանրությանն ավելի նպատակային դարձնել իր ջանքերը։ Այսօր նույն վիճակը չէ, ինչ 22 տարի շարունակ էր։ Եթե ինչ-ինչ պատճառներով Ալիևին է զիջվել ռազմական գործողություններն իր ուզած պահին սկսելու մենաշնորհը, չի նշանակում, թե նա էլ պետք է ունենա իրեն ձեռնտու ժամանակ դրանք վերջացնելու առավելությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել