Ողջո՜ւյն դիմացի շենքում, կողքի մուտքում կամ վերևի հարկում ապրող մեր հարևան-քաղաքացի: Այսօր քաղաքը խոսում է ամենահայկական թեմաներից մեկի մասին` հարևանություն: Հարևան` մարդ-երևույթ, ում առնչվում է մեզանից յուրաքանչյուրը, ում կողքին ապրում ենք մենք, և մեզանից ամեն մեկն էլ իր հերթին ինչ-որ մեկի հարևանն է: Հարևանները տարբեր են լինում` մոտիկ, հեռու, մտերիմ, սուրճի ընկեր, բամբասկոտ, նախանձ, շատախոս, ժպտերես, միշտ ուրախ կամ միշտ անտրամադիր, չարակամ կամ բարին կամեցող, … ու այս ամենը հաշվի առնելով` ուղղակի անհնար է պատկերացնել մեր հասարակությունն առանց այս «միստիկ» երևույթի: Ինչո՞ւ միստիկ, բացատրեմ: Երևի մենք՝ հայերս, այն եզակի ազգերից ենք աշխարհում, որ մեծ կարևորություն ենք տալիս հարևանությանը, կիսվում մեր ուրախությամբ նրանց հետ, դժվար պահին առաջինը միշտ հարևանն է, որ հասնում է օգնության` չունենալով ոչ մի արյունակցական կապ:
«Մոտ հարևանը հեռու բարեկամից էլ լավ է»:
Այս ասացվածքը ևս ցայտուն բնորոշում է հարևանի տեղն ու դերը մեր հասարակության մեջ:
Սակայն կա մի փաստ, որն ուղղակիորեն չի կարելի շրջանցել: Համատարած մոդերնիզացիայի, կապիտալիզմի ու օրվա հացը վաստակելու վազվզուքների հետ ի թիվս բազմաթիվ այլ բարի ավանդույթների տուժել է նաև հարևանություն ասվածը: Եթե գյուղերում ու փոքր քաղաքներում դեռևս կան իսկական հարևաններ, ապա մեծ քաղաքներում և հատկապես` մայրաքաղաք Երևանում կարծես թե գնալով փլուզվում են հարևանական «դարավոր» կապերն ու ավանդույթները: Ինչպես և Եվրոպայում, այսօր արդեն մեզանում ևս շատանում են այն դեպքերը, երբ մեկ մուտքում ապրող ընտանիքները չեն ճանաչում միմյանց, կամ եթե անգամ ճանաչում էլ են, ապա գրեթե չեն շփվում: Վաղուց արդեն անցյալում է ջեռուցման համակարգի խողովակների զրնգուն կանչը, որ սուրճի սեղանի մոտ էր հավաքում մեկ մուտքում ապրող տանտիկիններին: Արդեն հազվադեպ կարելի է որևէ խնջույքի սեղանի մոտ տեսնել ընտանիքի հարևաններին… Մարդիկ սկսել են օտարանալ միմյանց… Արդյոք լա՞վ է այն, որ մենք գնալով մեկուսանում ենք միմյանցից` ընդհանուրից անցում կատարելով անձնականին, որն ունի իր թե՛ լավ, թե՛ վատ կողմերը:
Անկախ ամեն ինչից՝ կան հնուց մնացած մի շարք ավանդույթներ, որ մեզ առանձնացնում են բոլորից, որոնք շատ ավելի դրական կողմեր ունեն, քան բացասական, սակայն, ցավոք, դրանք նույնպես հետին պլան են մղվում` օր առաջ մոտեցնելով անզգա, մեկուսի ու սառը մարդ-ռոբոտի դարը…



