Օրերս լրատվական կայքերից հայտնի դարձավ, որ ԿԲ խորհուրդը որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,25 տոկոս: Սույն քայլով Կենտրոնական բանկն այս տարվա մեջ երկրորդ անգամ գնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման, իսկ նախորդ՝ 2015 թվականի ընթացքում, օգոստոսից սկսած երեք անգամ է դա արել:
Նախորդ տարվա փետրվարից մինչև օգոստոս վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 10,5 տոկոսի վրա: Օգոստոսին ԿԲ-ն այն փոքր-ինչ իջեցրել է՝ սահմանելով 10,25 տոկոս, այնուհետև շարունակել այդ քաղաքականությունը ներկայումս հասցնելով 8,25 տոկոսի:
Կենտրոնական դրամատունը վերը նշվածը բացատրում է նրանով, որ 2016 թ. փետրվարին արձանագրվել է 1,4 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,1 տոկոսի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 1.7 տոկոս գնանակում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ: