Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն հարուստ է տեսարժան և պատմական վայրերով, որոնք գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների: Օրերս Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդը հրապարակել է (WTTC) 2016թ.-ի զեկույցը, որտեղ ներկայացվել են 2015թ.-ին տարբեր երկրներում ազգային տնտեսությունների վրա զբոսաշրջության ճյուղի ազդեցության գնահատականները՝ մասնավորապես զբոսաշրջության ուղղակի և ընդհանուր ազդեցությունը ՀՆԱ-ի, զբաղվածության, ծառայությունների արտահանման և ներդրումների վրա, ինչպես նաև տրվել են զբոսաշրջիկների այցելությունների քանակը, ճյուղի աճի տեմպերը և որոշակի կանխատեսումներ:
Վերը նշված հրապարակման համաձայն զբոսաշրջության ճյուղի ուղղակի ազդեցությունը ՀՀ ՀՆԱ-ում կազմել է 183,4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 3,8% մասնաբաժինը: Զբոսաշրջության ուղղակի ազդեցությունը ներառում է տվյալ երկրում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ զբոսաշրջիկների բիզնես նպատակով կամ հանգստի նպատակով ուղղակի ծախսած գումարները և Կառավարության իրականացրած ծախսերը մշակութի, հանգստի ոլորտներում, որոնք ուղղակիորեն կապված են զբոսաշրջիկներ ներգրավելու հետ:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ-ում 40 հազար մարդ կամ զբաղվածների 3,3 %-ը ուղղակի կերպով ներգրաված է զբոսաշրջության ճյուղում: Մասնավորապես ընդգրկված են հյուրանոցներում, տուրիստական գործակալություններում, ավիաընկերություններում և զբոսաշրջիկներ փոխադրող ընկերություններում զբաղվածները: Իսկ ընդհանուր ներգրավածությունը կազմում է՝ 147 հազար մարդ, կամ զբաղվածների 12,2 %-ը:
Պաշտոնական տվյալների համաձայն ներգնա զբոսաշրջությունից եկամուտները կազմել են 437,5 մլրդ. դրամ, կամ ընդհանուր արտահանման (ծառայությունների և ապրանքների արտահանումը միասին) 29,6%-ը, իսկ ներդրումները այս ոլորտում կազմել են 40,6 մլրդ. դրամ, կամ ամբողջ ներդրումների 4,8%-ը: