ՄԻԱԿ քարտուղար |
Երբեմն մտածում եմ, որ հայաստանյան ներքաղաքական իրողությունները ոչ մի անալոգիա չունեն որևէ երկրի և քաղաքագիտական օրինաչափությունների հետ: Այս առումով արժանահիշատակ են հետևյալ փաստերը.
- Քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին հավաքում է պատկառելի թվով ընտրաքվեներ, բայց որևէ ձևով մասնակցություն չի ունենում նախագահական ընտրություններին,
- Արմատական ընդդիմադիր քաղաքական միավորը նույնպես չի մասնակցում ընտրություններին` իր առաջնորդի մեկնմամբ տալով, մեղմ ասած, անհամոզիչ հիմնավորում,
- Հարուստ քաղաքական ավանդույթներ ունեցող, սկզբունքային հիմքով ընդդիմադիր դիրքավորված կուսակցությունը նույնպես չի մասնակցում ընտրություններին:
Ընդունենք, որ այս քաղաքական ուժերին ինչ-որ բան չի բավարարում, կամ չկան մասնակցության համար բավարար նախադրյալներ: Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում դրա մասին բաց տեքստով խոսել երկու-երեք ամիս առաջ, որպեսզի այսօր միանգամայն հասկանալի լինեին այն դիրքորոշումները, որոնք ներկայացվում են նրանց մի մասի կողմից: Կամ ինչո՞ւ է այսօր տասից ավել կուսակցություններ միավորող ուժը խոսում քաղաքական բոյկոտի մասին, երբ որ դրա հիմքերը ընդհանրապես չկան:
Քաղաքագիտական բառարանում բոյկոտը ներկայացվում է երկու իմաստով: Առաջինը` տոտալ և մասնակի հրաժարում որևէ կազմակերպված ակտի մասնակցությունից, իսկ երկրորդը` ի նշան բողոքի ինչ-որ մեկի հետ հարաբերությունների սառեցում: Ես կարծում եմ՝ այս իրավիճակում հնարավոր է խոսել քաղաքական բոյկոտի երկրորդ իմաստի մասին, որը կարելի վերծանել այսպես. «Այս քաղաքական ուժերը երկար բանակցեցին տարաբնույթ խորհրդակցական ֆորմատներով, բայց ընդհանուր հայտարարի չեկան մասնակցության ձևաչափի և միասնական թեկնածուի հարցում և «բոյկոտեցին» միմյանց»: Ինձ թվում է՝ այս մոտեցումը ավելի արդար ու հիմնավոր է: