Lragir.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը

Պարոն Պողոսյան,  երեկ Դուք մասնակցեցիք ոչ թե ԸՕ-ի նախագծի 4+4+4 ձևաչափով քննարկմանը, այլ պետաիրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված ԸՕ-ի շուրջ քննարկմանը։ Ըստ Ձեզ՝ ո՞ր տարբերակով մասնակցելն է ավելի արդյունավետ:

Ավելի արդյունավետ է բոլոր ձևաչափերն օգտագործելը։ Չպետք է բացառել հնարավոր բոլոր մեխանիզմների քննարկումը։ Գուցե որևէ պատգամավոր վաղն այնպիսի կարևոր դրույթ ներկայացնի հանձնաժողովին, ասելու ենք վատ բան է արե՞լ։ Եվ եթե այդ խումբը համարում է, որ այդ ձևաչափով ունակ է հարցեր բարձրացնել և լուծել, ինչո՞ւ պետք է ասենք անիմաստ է, լավ է, թող դա լինի։ Պարզապես ինքն իր մեջ սահմանափակում է  դրել՝ ասելով 4+4+4, քանի որ այս ձևաչափի մեջ չես կարող բոլորին ընդգրկել։

Գնահատականը լինելու է արդյունքը` արդյոք կարողացանք ամրագրել այնպիսի տարբերակ, որը կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Գլխավորը արդյունքի հասնելն է: Բաց լինելը և լավագույն` բոլորի կողմից ընդունելի տարբերակը կնպաստի արդյունքին հասնելուն` հանրության վստահության բարձրացմանը: Հինգն այստեղ, յոթն այնտեղ, 17-ը մի ուրիշ տեղ թող քննարկեն, մի խումբ ՀԿ-ներ նամակով դիմեն և այլն։ Այս պահին կարծես թե կա մի իրավիճակ, որտեղ օրենքի նախագիծը գրողներն ասում են, որ պատրաստ են հանդիպել բոլորի հետ։ Ով ինչպես կարողանում է, պետք է օգտագործի տրված հնարավորությունը։

Դուք ի՞նչ կետեր առաջարկեցիք փոփոխել այս քննարկման ժամանակ։

Ես ներկայացրել եմ երկու տարբեր ՀԿ-ի մի խումբ առաջարկներ, մի քանի սոցիալական ցանցերի օգտատերերի առաջարկները, և քննարկել ենք դիտորդների և լրագրողների սահմանափակման հետ կապված հարցը:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս խնդրին կարծես թե տրվել է այնպիսի լուծում, որ բոլոր կողմերը համաձայն են։

Այո։ Մենք տեսել ենք, թե ինչպես է Արփինե Հովհաննիսյանը հանդիպել լրագրողներին, քննարկել հարցը, և կարծես թե լուծումը հենց լրագրողներն են տվել։ Հիմա խնդրին տրվել է լուծում, որը մեր պատկերացումներով կարող է ունենալ վերջնական վստահություն ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։ Ես այստեղ մի հետաքրքիր պատմություն եմ ուզում պատմել. կոչվում է «18-րդ ուղտը»։ Մի հարուստ բեդվին ունենում է 17 ուղտ և ժառանգություն թողնում իր երեք տղաներին, բայց հետևյալ ֆորմուլայով՝ մեկ երկրորդը մեծ տղային, մեկ երրորդը երկրորդ տղային և մեկ իններորդը փոքրին։ Երբ մահանում է, ոչ ոք չի կարողանում 17 թիվը բաժանել։ Գալիս են մեկ ավելի իմաստուն բեդվինի մոտ, հարցնում՝ ի՞նչ անել։ Բեդվինը մեկ ուղտ է տալիս, ասում է փորձեք բաժանել։ 18-ը բաժանում են երկուսի, ինը ուղտ վերցնում է մեծը, 18-ը բաժանում են երեքի, վեց ուղտ վերցնում է երկրորդը, 18-ը բաժանում են իննի, երկու ուղտ վերցնում է փոքրը, 9+6+2=17, բեդվինն էլ վերցնում է իր 18-րդ ուղտը և գնում։ Այսինքն՝ մենք մտածելակերպի փոփոխություններ պետք է անենք, թե ինչպես, ինչ ձևաչափով քննարկել։ Այս հարցն էլ քննարկեցինք հանդիպման ժամանակ։ Լավ, եթե չենք ուզում ընկնել կոշտ դիրքերի դաշտը, ցուցակ հրապարակել կամ չհրապարակել, ի՞նչ մեխանիզմներ կիրառել, որ այս կողմը հնարավորություն ունենա վերահսկելու, ստուգելու ցուցակները, կամ մյուս կողմն առաջարկի մի այնպիսի մեխանիզմ, որ կարող են ասել՝ էլ պետք չէ հրապարակել ընտրացուցակ, քանի որ այնտեղ որևէ կրկնաքվեարկություն կամ որևէ կարուսել չի լինի։

Այս հարցում կարծեք թե զիջումներ չեն լինելու։ Կողմերը հայտարարում են այդ մասին։

Նրանցից ամեն մեկը փորձում է «ամենահեշտ» ճանապարհով գնալ, մեկն ասում է պետք է հրապարակել, մյուսն էլ ասում է նայեք Վենետիկի հանձնաժողովի որոշումը, չեմ հրապարակի և այլն։ Այսինքն՝ այստեղ թաքնված մի խնդիր կա՝ իշխանությունների համար, թե ինչու իրենց պետք չէ դա հրապարակելը, և հասկանալի է, որ  ընդդիմությունը գիտակցում է, որ լավագույն մեխանիզմը՝ եթե այդ խնդիրը վերցնի իշխանությունների ձեռքից, ապա ընտրությունները կեղծելը շատ դժվար է լինելու։ Հիմա կողմերը կոշտ դիրքավորման ճանապարհն են ընտրել, բայց դա չի նշանակում, որ չկա այնպիսի տարբերակ, որ կլինի ընդունելի կողմերի համար։ Պարզապես պետք է աշխատել, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում, և եթե այս ձևաչափով դա չստացվի, մյուսով գուցե կստացվի։ Մենք պետք է աշխատենք, 18-րդ ուղտի պատմությունը  իրավիճակի փոփոխության մեջ խնդիրի լուծմանը հասնել է։

Իբրև անկուսակցական պատգամավոր՝ ինչպե՞ս եք պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Հիմա այլևս պետք է որևէ կուսակցություն ընտրեք։ Մտածե՞լ եք՝ որ կուսակցության հետ գնալ։

Այս հարցով հիմա չեմ մտահոգվում։

Քիչ ժամանակ է մնացել...

Ոչինչ, թույլ տվեք այս կարճ ժամանակում իմ աշխատանքները պատվով կատարել, օրինապաշտությամբ, այն բոլոր խնդիրները, որ դրել եմ իմ առաջ, կյանքի կոչել։ Ավարտի ժամանակ կմտածեմ՝ կա՞ արդյոք որևէ քաղաքական ուժ, որ կներկայացնի այնպիսի տեսլական, որ ես կկիսեմ, և հետո կունենամ երկու խնդիր. արդյոք ես ցանկություն կունենա՞մ այդ քաղաքական ուժին հայտ ներկայացնել՝ միանալ իրենց, և երկրորդ՝ արդյոք այդ քաղաքական ուժը կամ խումբը ցանկություն կունենա ինձ հետ աշխատելու։ Այս ամենը ապագայի եթեներն են, իսկ այս պահին չեմ մտահոգվում, որովհետև ես տեղ ունեմ գնալու։ Ի տարբերություն շատ ու շատ ԱԺ պատգամավորների՝ ես վերադառնալու տեղ ունեմ, կվերադառնամ իմ ՀԿ-ն, կզբաղվեմ իմ սիրելի աշխատանքով, այնպես որ, մտածել ինչ կլինի 2017 շեմից առաջ, չեմ պատրաստվում, քանի որ ամեն օր կա շատ աշխատանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել