ՀՀ ջրավազանային տարածքների կառավարման ու ճիշտ պլանավորման հարցն ունի կարևոր նշանակություն: Հայաստանում ձկնաբուծության ոոլորտը զարգացման մեծ պոտենցիալներ ունի: ՀՀ-ից բավականին մեծ քանակությամբ ձկնատեսականեր են արտահանվում մի շարք երկրներ: Բացի այդ, Հայաստանում գերակա ճյուղ համարվող գյուղատնտեսության համար կարևոր է ոռոգման համակարգերի ճիշտ կառավարման ու բարելավման հարցը:
Այսօր կառավարության նիստի ժամանակ հավանություն է տրվել Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանին (2016-2021): Նախ հասկանանք ինչ չափերի է հասնում զբաղեցնում Արարատյան ջրավազանային տարածքը և որոնք են այս ծրագրի հիմնական նպատակաները:
Արարատյան ջրավազանային կառավարման տարածքը ընդգրկում է Արփայի, Վեդիի և Ազատի գետավազանները և կազմում է 4389 կմ2: Արարատյան ՋԿՏ-ն վարչատարածքային տեսակետից ընդգրկում է Արարատի մարզի Արտաշատի և Արարատի տարածաշրջանները, Վայոց ձորի մարզը և Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ համայնքների տարածքները:
Ներկայացված կառավարման պլանի նպատակներից մեկը՝ աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:
Արարատյան ՋԿՏ-ում 2015թվականի հունվարի դրությամբ խմելու կենցաղային նպատակով ջրառը կազմել է 37,3 մլն. մ3: Ծրագրով նախատեսվում է, որ 2021 թվականին Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառը կաճի մոտ 10%-ով և կկազմի 41 մլն. մ3:
Ինչու՞ 10%: Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառի քիչ տոկոսով աճը պայմանավորված է բնակչության ցածր աճի միտումներով.
2015 թվականի հուվարի դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում ոռոգման նպատակով տարեկան ջրառը կազմել է 290,5 մլն. մ3: Ոռոգելի հողատարածքների տարեկան 3,5% աճի դեպքում՝ ըստ ելակետային սցենարի, 2021 թվականին Արարատյան ՋԿՏ-ի ոռոգման նպատակով ջրառը կկազմի 348,7 մլն. մ3.
Արարատյան ՋԿՏ-ում ձկնաբուծության զարգացումը մինչև 2021 թվականը՝ 2014 թվականի համեմատ, ակնկալվում է, որ Արփայի գետավազանում ջրօգտագործումը կաճի մոտ 3 անգամ՝ 11,62 մլն. մ3-ից հասնելով 34,86 մլն. մ3:
Նշենք նաև, որ 2015 թվականի հունվարի դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում արդյունաբերության նպատակով ջրառը կազմել է 3,4 մլն. մ3: Ծրագրով նախատեսվում է, 2021 թվականին արդյունաբերական նպատակով ջրառի աճը հասցնել մինչև 62%, այսինքն մոտավորապես 5,5 մլն. մ3:
Վերոնշյալ ծրագրի բարեհաջող իրականացումը բացի վերը թվարկված առավելություններից, հնարավորություն կտա նաև Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները: