Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին։

Անդրադառնալով հարևան երկրների հետ տնտեսական հարաբերություններին՝ ՀՀ Նախագահը նշել է, որ Հայաստանի որոշ հարևաններ այսօր էլ չեն հրաժարվում տնտեսական շանտաժի քաղաքականությունից։


«Մեր որոշ հարևաններ այսօր էլ չեն հրաժարվում տնտեսական շանտաժի քաղաքականությունից: Դրա հետևանքն են տարածաշրջանում առկա բաժանարար գծերը, իսկ Եվրոպայի վերջին փակ սահմանը` Հայաստան-Թուրքիա պետական սահմանն է: Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության մաքսային միության անդամ է, նշանակում է՝ փակ է այդ երկու կառույցների հետ արդյունավետ գործընկերություն զարգացնող Հայաստանի սահմանը»,– ասել է նա:


ՀՀ Նախագահի խոսքով՝ միջազգային հարաբերություններում տնտեսությունը առանցքային գործոն է, և հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են թելադրում քաղաքական օրակարգը:
 

«Այդուհանդերձ, մի բան միանշանակ է` տնտեսական դիվանագիտությունը քաղաքական շանտաժի գործիք չի կարող լինել, տնտեսական դիվանագիտությունը զարգացման գործիք է, համագործակցության, ինտեգրման գործիք է: Տնտեսական համագործակցությունը, հատկապես հակամարտության գոտիներում, վստահության կառուցման լավագույն հնարավորություններից է, ինչը դեպի խաղաղություն տանող ամենակարճ ճանապարհն է: Եվրոպայի պատմությունը մեզ համար դրա լավագույն օրինակն է»,– ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել