Tert.am-ը գրում է.

Հայաստանում ամբողջ թափով ընթանում է իշխանությունների «մաստեր պլանի» կյանքի կոչումը՝ առանց ընդդիմության քաղաքական դաշտ և իշխանության հավերժացում. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: 

«Ըստ էության Հայաստանի Հանրապետությունը ֆեոդալական կարգավիճակից փոխվում է ցեղախմբային կարգավիճակի: Շատ հոռետեսական չեմ, բայց ՀՀ-ն այս ուղղությամբ են տանում և հույս ունեմ, որ արտաքին գործընթացների պարագայում ՀՀ-ում կփոխվի իրավիճակը»,-ասաց նա:

Մարտիրոսյանն անդրադարձավ նաև երեկ տեղի ունեցած 4+4+4  ձևաչափով հանդիպմանը, որը մի փոքր ձևափոխվել էր, և «Ժառանգությունը» չէր մասնակցել հանդիպմանը:

Ժառանգականների համոզմամբ՝ առավել նպաստավոր ուղին համընդհանուր փողոցային ճնշման միջոցով է:

«Ժառանգության կողմից բարի եմ մաղթում գործընկերներին, խորհրդարանական երեք ուժերին, հատկապես քաղաքացիական դաշտի ներկայացուցիչներին, բայց մենք խիստ մտավախություն ունենք, որ պահանջները կիրականացվեն»,-ասաց նա և հավելեց, թե առաջարկվող 5 կետերից և ոչ մեկի որևէ զիջում ընդունելի չէ:

Թե ինչու «Ժառանգությունը» չի մասնակցել երեկվա հանդիպմանը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, թե մի շարք պատճառներով։


«Մեկն այն է, որ ԸՕ-ն ներկայացնում է այն իշխանությունը, որը լեգիտիմ չէ, որը ոչ միայն նախագահական ու խորհրդարանական ընտրություններն է կեղծել, այլ՝ սահմանադրական հանրաքվեն»,-ասաց նա: 

Նա շարունակեց, թե իշխանությունները ունեին բոլոր առաջարկությունները, որպեսզի նորմալ ԸՕ մշակեին:

«Այնպես չէ, որ դրա կարիքը ունեին։ Դեռ 2009թ.-ից աշխատանքային խումբ էր ստեղծվել, և բացի հանձնաժողովների կարգից՝ մնացած բոլոր խնդիրները կոնսենսուսով հրապարակվել էին, այդ թվում նաև ցուցակների հրապարակումը, համամասնական մեկ պարզ ընտրությունը։ Իրենք կարող էին այդ աշխատանքային խմբի որոշումներն ընդունել: Չընդունեցին, ուստի ակնհայտ է, որ իշխանությունները մտադիր չեն եղել նորմալ ԸՕ կազմել»,-ասաց նա:

Մեկ այլ պատճառ էր չմասնակցելու այն, որ երեկվա հանդիպումն այդպես էլ չի հստակեցվել բանակցություննե՞ր են, ինչպես պնդում էր Լևոն Զուրաբյանը, թե՞ քննարկումներ, ինչպես նշել է Դավիթ Հարությունյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշեց, թե իշխանությունները, հնարավոր է, որոշ քայլեր ձեռնարկեն այս բանակցություններ-քննարկումներ ձևաչափից, բայց ցուցակների հրապարակումը և մյուս կարևոր քայլերը կյանքի չկոչեն:

Ըստ նրա, օրինակ ցուցակների հրապարակման համար խոչընդոտ չկա, սա իշխանությունների մանիպուլյացիայի արդյունք է միայն. չեն հրապարակում, քանի որ, նրա համոզմամբ, դա ոչ թե ընտրական պրոցեսի հետ է կապված, այլ ՀՀ-ում քաղաքացիների թիվը ներկայացնելով՝ բոլոր վիճակագրական թվերն ու ցուցանիշները պետք է փոխվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել