Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ: ՀՀ Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, անդրադառնալով տնտեսական, ինչպես նաև հարևան երկրների հետ հարաբերություններին Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար դրական զարգացում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը։
 

«Ակնհայտ է, որ Հայաստանի փոքր շուկան, որքան էլ որ երկրի տնտեսական միջավայրը ազատականացված, իսկ ֆինանսական համակարգը առողջ լինի, արտաքին խոշոր տնտեսական գործընկերներին հետաքրքիր լինելու համար պետք է ինտեգրված լինի առավել մեծ տնտեսական համագործակցության ձևաչափերում: Այս իրողությունը հստակ գիտակցելով՝ մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը:


Անշուշտ, մեզ դա չի խանգարում բնականոն կերպով ընդլայնել մեր համագործակցության օրակարգը ԵՄ-ի հետ, այդ թվում՝ խոր գործակցություն ծավալել տնտեսական բարեփոխումների ոլորտում։


Հայաստանի համար շատ դրական զարգացում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը: Հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հանգամանքը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի գործարարների համար լավ ճանաչելի 77 միլիոնանոց շուկայում»,– ասել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հարևան պետությունների հետ Հայաստանը փորձում է էներգետիկ և տրանսպորտային համատեղ ծրագրեր առաջ տանել: «Նախաձեռնել ենք մի շարք տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծեր. մեր երկրի հյուսիսը հարավին կապող ժամանակակից մայրուղի ենք կառուցում, իրանական կողմի հետ քննարկում ենք Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության վերաբերյալ հարցերը, ակտիվ ներգրավված ենք ԵԱՏՄ-«Մետաքսի ճանապարհ» համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման գործընթացում: Նման նախաձեռնություններով Հայաստանը փորձում է մեղմել իր արևելյան և արևմտյան հարևանների կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ապօրինի շրջափակման վնասները»,– ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել