Tert.am-ը գրում է.
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր 4+4+4 ձևաչափի քննարկումների ժամանակ պարզաբանեց, որ դրանք բանակցություններ չեն, այլ աշխատանքային հանդիպում է, որտեղ որոշումներ չեն կայացվելու, քվեարկություններ չեն լինելու:
«Ես կարծում եմ՝ ժամանակ ծախսել ֆորմալիզացնել այս հանդիպումը անիմաստ է, անցնենք բովանդակային աշխատանքի»,-ասաց նա:
«Այս քննարկման նպատակը կոնսեսուս կառուցելն է, հանդիպել ենք դրա համար»,-ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված քննարկման նպատակը:
«Մենք առաջարկում ենք այս հանդիպումը նվիրել ընթացակարգի և օրակարգի ձևավորմանը, օրակարգում կընդգրկվեն այն առաջարկները, որոնք կներկայացնեն հանդիպման լիիրավ մասնակիցները»,-ասաց նա և բաժանեց իր առաջարկած ընթացակարգի նախագիծը: Նա անհրաժեշտություն տեսավ քննարկել հինգ առաջարկությունները, որոնք կազմում են միասնական պլատֆորմի հիմքը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ պետք է հաշվի առնել, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է մինչ հունիսի մեկը պատրաստ լինեն՝ համաձայն Սահմանադրական բարեփոխումներին, իսկ ներկայացրած ընթացակարգով, եթե շարժվեն, չեն հասցնի:
«Սա չաշխատող, չիրականացվող ընթացակարգ է: Եթե մենք կառուցողական քննարկման համար ենք հավաքվել, եկեք հստակ ներկայացնենք այն կետերը, որոնք կարևոր են և տեսնենք, թե որտեղ ենք համաձայնվում, որտեղ՝ ոչ: Եկեք սկսենք այն հարցերի հաշվառումից, որոնք գոյություն ունեն»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Լևոն Զուրաբյանը համաձայնեց, որ պետք է առանցքային հարցերը քննարկեն, տեսնեն, թե որ հարցերում կարող են համաձայնության գալ:
Այնուհետև ինչպես նշել էինք՝ որոշում կայացվեց քննարկումն իրականացնել առանց լրատվամիջոցների:
Հիշեցնենք, որ 4+4+4 ձևաչափով մեկնարկած Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված քննարկմանը իշխանություններից ներկայացել էին վեց հոգի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը:
Ընդդիմությունից ներկա էին՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չէր ներկայացել:
Քաղաքացիական հասարակությունից ներկայացել էին Տիգրան Եգորյանը, Դանիել Իոնեսյանը, Արտակ Զեյնալյանը, Սոնա Այվազյանը:



