Tert.am-ը գրում է.
Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի թիրախները, թեև եղել են 3 նախագահներին առնչվող օբյեկտները ու պետական կարևոր ինստիտուտները, բայց հստակ չի կարելի ասել, որ ծրագրված էր գործող նախագահի դեմ մահափորձ. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին քրեական գործից մանրամասներ ներկայացնելուց հետո ասաց ԱԱԾ-ի քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

«Կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ խմբի առանձին անդամները նման ծրագիր փորձել են դնել շրջանառության մեջ, սակայն ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից մերժվել է և հաստատվել կոնկրետ գործողություն կատարելու պլանը՝ նշված օբյեկտների նկատմամբ»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ ապացույցների թիրախներն են եղել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, Կառավարությունը և Հ1 հեռուստատեսությունը: Ինչպես նաև տեսագրել են առաջին նախագահի տունը, մատույցները, նաև երկրորդ նախագահի գործունեության վայրի ուսումնասիրություններ են իրականացրել: Փորձել են նաև վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքները՝ պարզելու, թե ինչպես են նախագահի անվտանգությունն ապահովում:
 
Հարցին, թե մամուլում շրջանառվում էր, թե խումբը ծրագրում էր պայթեցնել նախագահի ինքնաթիռը, որքանով էր իրականությանը մոտ, Միքայել Համբարձումյանը պատասխանեց, թե չի ժխտի՝ նման միտք շրջանառվել է խմբի կազմում և դրա հետ կապված գործողություններ կազմվել է, բայց վերջնական ծրագիր ղեկավարի կողմից չի նախաձեռնվել, այլ մնացել է քննարկման փուլում:
 
«Խոսքը նախագահի ինքնաթիռը դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիման մեկնելիս ... նման գործողություն կատարելու մասին է, քննարկվել է, թե որտեղից է հնարավոր իրականացնել, իհարկե Զվարթնոց օդանավակայանին հարող տարածքի մասին է խոսքը: Մենք տարածքը ուսումնասիրել ենք և կարող եմ ասել, որ դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել մեր գնահատմամբ, քանի որ վայրէջք կատարելիս և բարձրանալիս ինքնաթիռը բավական ցածր բարձրության վրա է գտնվում և հասանելի է, սակայն դրա հետ մեկտեղ  Արթուր Վարդանյանի կողմից որոշում կայացրած չի եղել»,-ասաց նա:  
Իսկ այն, որ մամուլում նշվում է, թե ներկա և նախկին պաշտոնյաներ են ներգրավված եղել, ԱԱԾ պաշտոնյան նշեց, որ չգիտի, թե անձնավորված ում նկատի ունեն, բայց ներկա պաշտոնյաներ չկան, բացառությամբ Վահան Շիրխանյանի, ով ՊՆ նախկին փոխնախարար է: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել