Իշխանությունը անդադար պնդում է, որ 4+4+4 ֆորմատին լուրջ չվերաբերվենք, որ դա միակ ֆորմատը չէ, որ կան նաև ուրիշ ինչ-որ շրջանակներ, ում հետ պետք է քննարկումներ արվեն: Կարճ ասած փորձ է կատարվում այս բանակցային գործընթացին չտալ ավելորդ կարևորություն:
ՀՀԿ-ն լավ օրից չէ, որ գնում է բանակացությունների: Իրականում դա արել է պարտադրված՝ արտաքին ու ներքին աննախադեպ ճնշման տակ և այժմ ունի մեկ խնդիր. թաքցնել սեփական թուլությունը կեղծ մեծահոգության տակ և նվազեցնել տեղի ունեցած հասարակական համախմբման կարևորությունը:
Սակայն դա իրականացվում է բացառապես դատարկ հայտարարությունների միջոցով, իսկ գործնականում տեղի է ունենում ճիշտ հակառակը: Արդեն իսկ պարզ է, որ իշխանությունները բանակցություններին ներկայանալու են իրենց ողջ ինտելեկտուալ կազմով, ինչը լավագույն ապացույցն է այն բանի, որ ՀՀԿ-ն 4+4+4-ը դիտարկում է, որպես կարևորագույն ֆորմատ:
Հետևաբար` ինչքան էլ փորձ կատարվի վարկաբեկել 4+4+4-ը, միևնույն է ձևավորել այլ համարժեք ֆորմատ իշխանություններին չի հաջողվելու: Հայաստանում չկա ևս չորս կամ թեկուզ մեկ այլ ֆռակցիա, չկան ևս մի քանի տասնյակ ՀԿ-ներ, որոնք ներգրաված են ընտրական պրոցեսներում, ունեն փորձ, անուն և միջազգային ճանաչվածություն:
Այսպիսով` ՀՀԿ-ն ուզի, թե չուզի պարտադրված է լինելու հանդուրժել թե՛ հասարակության և թե՛ միջազգային հանրության ուշադրությունը հենց 4+4+4-ի նկատմամբ, պարտադրված է լինելու գնալ զիջումների հենց 4+4-ի պահանջների շրջանակներում, պարտադրված է լինելու համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանում ձևավորված է լայն հասարակական կոնսենսուս ընդդեմ ՀՀԿ-ի: