Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ Միքայել Մելքումյանն անդրադառնում է գազի սակագնի 12 տոկոս հնարավոր իջեցման դեպքում նոր տնտեսական իրողություններին: Հարցին, թե հնարավո՞ր է, որ սպառողի համար գազի գինը գործնականում չիջնի, ինչպես նախորդ իջեցման պարագայում (երբ $185-ից իջավ $165-ի, սակայն բնակչության համար սակագին չփոխվեց), տնտեսագետը նկատեց`  եթե գինը սահմանի վրա իջնում է, իսկ ծախսերը նույնն են մնում, ինչո՞ւ չպետք է իջնի: «Եթե չիջնի, նշանակում է, որ «Գազպրոմը» ավելի շա՞տ շահույթ ստանա: Ուրիշ բան, որ մի եսիմ ինչ խոշոր ներդրումային պրոեկտ անեն, Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը կառուցեն: Եվ չմոռանանք, որ այս փուլում գազամատակարար ընկերության կողմից գազաֆիկացման մակարդակը երկրում շատ բարձր է, ուրիշ ընթացիկ ծախսեր չկան, աշխատողներով հագեցած է»,-ավելացրեց տնտեսագետը:
 
-Պարո՛ն Մելքումյան, մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել  սահմանին գազի գնի շուրջ 12 տոկոս նվազման մասին: Թվերի լեզվով, տնտեսության մեջ սա ի՞նչ է նշանակում հայ սպառողի, արտադրողի համար:
 
-Բնականաբար, ենթադրում ենք, որ ընդհանուր գինը կիջնի՝ վերջնական սպառման: Բայց, հիշում եք, որ երբ գազի գինը սահմանին 185-ից դարձավ 165…
 
-Հայտարարեցին, որ էժանացումը սպառողի համար չէ:
 
-Այո: Ես ենթադրում էի, որ այն ժամանակ էլ կարելի էր իջեցնել սպառողների համար ևս, որովհետև դա այն ժամանակ կապում էին ավելի շատ գնաճի, սղաճի, դոլար-դրամ տատանումների հետ, որովհետև գազը ձեռք է բերվում դոլարային կտրվածքով։ Եվ պատահական չէ, որ այդ ամբողջ ընթացքում մենք պնդում էինք, որ պետք է ռուսական ռուբլով վճարումները կատարվեն, բայց այդպես չեղավ: Եվ հիմա, եթե գինը իջնում է, ինչպես նշել էիք, 145-ի կարգի, բնականաբար, այդ պարագայում, սպառողների համար իջեցման հնարավորությունը բավականին ռեալ է դառնում: Եթե հիշում եք, գազամատակարարման հանձնաժողովը շատ լուրջ ուսումնասիրություններ էր իրականացրել, որտեղ ներկայացրել էինք գազամատակարարման համակարգի բոլոր բաղադրիչները, և առաջին բաղադրիչը կորուստների մասով էր, որ մենք հնարավորություն ունենք կորուստները որոշակի իջեցնել: Սա գնի իջեցման հետ կապ չունի, ես սա ասում եմ՝ անկախ գնի իջեցումից ինչ ռեզերվներ մենք ունենք: Երկրորդը շահութաբերությունն է, հաջորդը` ամորտիզացիան։ Առանց գնի իջեցման էլ մենք հնարավորություն ունեինք որոշակի իջեցման և սպառողների որոշակի խմբերի համար գնի էլ ավելի դիվերսիֆիկացման։ Մենք ունենք սպառողների 2 խումբ` մեկը մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների, մյուսը՝ 10 հազար խորանարդ մետրից ավելի: Բնականաբար, դրանց տարբերությունը շատ մեծ է, որովհետև, եթե մինչև 10 հազար խորանարդ մետրի պարագայում, որի մեջ մտնում է բնակչությունը, գինը նախկինում 390 էր, հիմա գործողը, եթե չեմ սխալվում, 365 է, ապա այն ժամանակ 10 հազարից ավելիի համար 315 էր, հիմա` 280 դոլարին համարժեք դրամ: Այ, այդքան գների տարբերություն կա: Մոտավորապես, այսինքն՝ 90 դոլարի տարբերություն կա 1000 խորանարդ մետրի դեպքում: Եթե գինը իջնում է սահմանի վրա, ապա, բնականաբար, ծախսերը, եթե ընդունենք, որ մնում են նույնը՝ գազամատակարարման ու գազաբաշխման, այս պարագայում բնական է ենթադրելը, որ գինը համարժեքորեն իջնի: Թե ինչ համամասնությամբ կիջեցնեն այդ 2 խումբ սպառողների համար, սա երկրորդ հարցն է: Կարծում եմ` մեր պետության խնդիրն է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խնդիրն է, որովհետև նա պետք է նոր սակագին հաստատի և, առաջին հերթին, միջպետական բանակցությունների խնդիր է: Ես կարծում եմ, որ իջեցումն անպայման  կլինի, և մյուս հանգամանքը, որ դրա առնչությամբ ուզում եմ ասել` հետևյալ հաշվարկն է: Մենք այս պահին սահմանի վրա ստանում ենք 165-ով, բայց միջին սակագինը 385 է, այսինքն` 130 դոլարի տարբերություն է լինում սահմանի և միջին սակագնի միջև այդ 2 խմբերի պարագայում: Այդ 130 դոլարի մեջ, եթե չեմ սխալվում, 49 դոլարը ավելացրած արժեքի հարկն է: Եթե դա էլ հանում ենք, ստանում ենք մոտ 80 դոլար, որը բաժանված է պահպանման, շահագործման ծախսերի, կորուստների , շահույթի և ամորտիզացիայի միջև: Եվ այստեղ մենք էլի ռեզերվներ ունենք բացի սահմանի վրայից գնի իջեցման գործոնի: Եվ դա կբերի նրան, որ և՛ գազի սպառման ծավալները կավելանան, և՛ մեր շատ արտադրատեսակներ ավելի մրցունակ կդառնան և, առհասարակ, ներդրումային ակտիվության վրա կանդրադառնա:
 
-Բայց գործնականում կիջնի՞ բնակչության համար:
 
-Միանշանակ կիջնի, պետք է իջնի:
 
-Այսինքն՝ անհրաժե՞շտ է իջեցնել, թե՞ կիջնի։
 
-Տեսեք. ծախսերը մնացել են նույնը։ Հիմա, եթե գինը սահմանի վրա իջնում է, այդ ծախսերը նույնն են, ինչո՞ւ չպետք է իջնի: Եթե չիջնի, նշանակում է, որ «Գազպրոմը» ավելի շատ շահույթ ստանա՞: Ուրիշ բան, որ մի եսիմ ինչ խոշոր ներդրումային պրոեկտ անեն, Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը կառուցեն: Եվ չմոռանանք, որ այս փուլում գազամատակարար ընկերության կողմից գազաֆիկացման մակարդակը երկրում շատ բարձր է, ուրիշ ընթացիկ ծախսեր չկան, աշխատողներով հագեցած է, աշխատավարձերն էլ բարձրացվել են: Վերջին 2 տարում մոտ 1400 -1500 աշխատող է ընդունել, աշխատավարձերն էլ 119 հազար դրամից բարձրացրել է, հասել է 227 հազարի՝ միջին աշխատավարձը «Գազպրոմում»: Այսինքն` ի՞նչ ծախս ունի անելու:
 
-Իսկ Ձեր կարծիքով` գազի գնի իջեցումը կանդրադառնա՞ էլէներգիայի գնի նվազման վրա: Կարո՞ղ եք ասել՝ որքան է կազմում հոսանքում ջերմակայանների բաղադրիչը:

- Տարբեր բաղադրիչները տարբեր փուլերում տարբեր են: Եթե ջրառատ տարի չի լինում, Ատոմակայանը շատ է կանգնած լինում, ջերմակայանների տեսակարար կշիռը մեծանում է: Հիշո՞ւմ եք՝ մի 2-3 տարվա ընթացքում բարձրացել, հասել էր մինչև 40 տոկոսի: Հիմա, երբ ջրառատ տարի է, Ատոմակայանն էլ այս տարի շատ չի կանգնել, 45 օր ամեն տարի կանգնում է` սպասարկման համար, ապա նման տարիներին մոտավորապես 30-32 տոկոս է: Եվ այս պարագայում եթե վերցնենք, Երևանի ՋԷԿ-ը Հրազդանի ՋԵԿ-ը, 5-րդ էներգաբլոկը գազը ավելի էժան են ստանալու։ Մոտավորապես էներգաբալանսում գազի տեսակարար կշիռն ընդունենք 30 տոկոս:
 
Այսինքն` այդ 30 տոկոսի մեջ ինչ չափով, որ հնարավոր լինի իջեցնել, այդ չափով էլ ազդելու է էլէներգիայի վրա: Բայց դա միայն դրանից չի կախված: Քանի որ հոսանքի սակագինը հաշվվում է հատուկ մեթոդաբանությամբ, որը կոչվում է անհրաժեշտ հասույթի բանաձև, այդ ամենը պետք է տեղավորվի այդ անհրաժեշտ հասույթի չափն ապահովելու վրա, և եթե անցած տարիներին, հիշում եք, երբ սակագին էին բարձրացնում, ասացին, որ մինչև 36 միլիարդ դրամի կորուստ ունի ՀԷՑ-ը: Հետո դրանից հանել էին 12 միլիարդը, որ նախորդ տարի գինը բարձրացրել էին (4 դրամով), մնացել էր 24 միլիարդ, չէ՞: Հիմա այս վերջին տարին, կարծեմ սեփականատիրոջ փոփոխությունից հետո 3 , 5 միլիարդ դրամի «պլյուս» կա, պրոֆիտ կա, ոչ թե դեֆիցիտ ՀԷՑ-ում:
 
Ես մեջբերում եմ էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանին, և այդ պարագայում հաշվարկել էի, որ դա 1-1.5 դրամի գնի իջեցման համար հիմք կարող է ստեղծել: Բայց եթե այդ պրոցեսը նախատեսում է, որ շարունակական է լինելու, այսինքն` տարվա ընթացքում այդ 3-3.5 միլիարդը կարող է դառնալ 7-8 միլիարդ, այդ պարագայում տեսնում եմ, որ ազդեցություն ունենալու է: Այսինքն՝ ստեղ մենակ գազի գինը չէ, ստեղ պետք է Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական վիճակը ների: Չէ՞ որ նախկին վարկեր ունի, գա, հասնի այն վիճակի, որ տեղավորվի այդ ֆինանսական անհրաժեշտ հասույթի բանաձևի մեջ: Այնպես որ, այս բոլորը պետք է համադրվի: Եվ մի բան էլ ասեմ, դրա մասին շատերը չեն ասում, ես ուզում եմ ասել՝ չէ՞ որ հոսանքի գնի վերջին բարձրացումից հետո 41-ից դարձավ 49 դրամ, և այդ պարագայում մենք տարեկան 6-7 միլիարդից ավելի ԱԱՀ է բյուջե դրանից վճարվում: Դրա մասին էլ, չէ՞, պետք է մտածենք, որ այդքան պլյուս է լինում բյուջե: Այսինքն` եթե ամփոփենք, բոլորը պլյուսներ են ստանում, բյուջեն պլյուսներ է ստանում, մենակ սպառողն է, որ տուժում է այդ ամենից հետո: Եվ այս պարագայում պետությունը պետք է ցույց տա, որ եթե եղել է պլյուս, լավ, 1.5 դրամ գինը իջեցնում ենք հոսանքի, և այդ դեպքում ժողովուրդը կհասկանա, որ իսկապես ազնիվ տնտեսական գործընթացներ են: Եվ նաև, որ եթե լավ վիճակ է ստեղծվում, Հայաստանում գինը նաև իջեցնում ենք: Քիչ, բայց իջեցնում ենք:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել